Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բան նամակ է գրել փաստաբաններին, որտեղ անդրադարձել է դատական համակարգի բացերին եւ լուծումներ առաջարկել: Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

«Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց հետո ես հաճախ եմ խոսում դատարանների մասին, սակայն ամենեւին նպատակ չունեմ հատուկ թիրախավորել ու քննադատել  կամ պիտակավորել ու փորձել քավության նոխազ դարձնել մի համակարգ, որը բացառապես հարգանքի արժանի է իր ստեղծման իսկ պահից:

Սակայն, միեւնույն ժամանակ, պետք է հատուկ շեշտեմ, որ անիրավ, անարդար դատավորները մեր հասարակության թշնամիներն ու  ամենամեծ վնասարարներն են: Արդյոք քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի,  հասարակության լայն զանգվածների օրակարգում կա՞  դատական համակարգի խնդիրը լուծելու նպատակ` կենտրոնանալով ոչ թե մեկ կամ երկու դատավորի, այլ ընդհանրապես դատական անարդարությունների պատճառների եւ դրանց չվերացման հետեւանքների վրա:

Այսօր մեր հասարակությունն ունի երկու խնդիր` հացի եւ արդարության: Ես կարծում եմ,  եթե այս երկու հիմնական,  կենսական` սոցիալական եւ արդարադատության խնդիրները լուծվեն,  ապա նվազագույնը կարելի է  ասել, որ Հայաստանում ապրող ամեն մարդ իր  դժգոհությունները, որոնք շատ հաճախ արդարացի են, կկարողանա բավարարված տեսնել:

Մարդու բոլոր մյուս իրավունքներն ածանցվում են արդար դատաքննության իրավունքին կամ բխում դրանից: Կարծում եմ  չկա իրավաբան, որը հստակ չի պատկերացնում այս կապը: 

Անկախության առաջին տարիներին բոլորի ուշադրության կենտրոնում էր երկրում օրենսդրական դաշտի ձեւավորումը, եւ դա արդարացված էր: Ժամանակի ընթացքում միջազգային կառույցների, մեր տեղական փորձագետների, քաղաքական ուժերի ջանքերով այսօր արդեն օրենսդրական դաշտը բավականաչափ ձեւավորված է: Բայց մարդիկ որեւէ  խնդրի լուծումը դեռեւս կապում են  օրենքների փոփոխության հետ: Մինչդեռ անհրաժեշտ չէ փոխել հաճախ կատարյալ օրենքները, անհրաժեշտ է դրանք կիրառել, իսկ օրենքի կիրառումը պետք է ապահովեն դատարանները: 

Այսօր բոլորն են քննադատում դատական համակարգը եւ օրիգինալ չեմ լինի սոսկ քննադատությամբ: Քիչ է ասել, թե համակարգն այսօր ունի լուրջ խնդիրներ, սակայն միեւնույն ժամանակ դատական համակարգի բոլոր քննադատները, ցավոք, չեն կարողանում մարդկանց կյանքում որեւէ դրական փոփոխություն հասնել, մինչդեռ հնարավոր  է եղած լծակներով նպաստել դրան: Բոլոր փաստաբանները գիտեն, որ անարդար դատավորների դեմ պայքարի օրենքով սահմանված միայն մեկ միջոց կա` դա կարգապահական պատասխանատվության ենթարկելն է, որի համար հաղորդում կարող է տալ յուրաքանչյուրը: Եվ, իհարկե, կան դատավորներ, որոնք ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, բայց արդյո՞ք հենց այն դատավորներն են ենթարկվում կարգապահական պատասխանատվության, ովքեր արժանի էին: Սա եւս մտահոգիչ խնդիր է:

Դատավորի բարձր կոչմանը հարվածելով` որեւէ մեկը չի կարող հպարտանալ, չի կարելի արժեզրկել դատավորի  բարձր դերը հասարակության մեջ: Իսկապես խոնարհման է արժանի այն դատավորը, ով արդար է  դատում եւ, նույնիսկ այսօրվա դատական համակարգի պայմաններում, կարողանում է իրականացնել արդարադատություն:

Այսօր, իրոք, արդար դատավորներն  արժանի են հերոսացման, նրանք արժանի են , որ իրենց ճանաչեն եւ գնահատեն, նրանք պետք է լինեն օրինակելի, որովհետեւ իսկապես կատարում են հերոսական աշխատանք: Սակայն այսօր մեր առաջնային խնդիրը դատական անարդարություններն են:

Ո՞վ է դատելու դատարաններին: Այս հարցը հնչել է Եվրոպայում տարիներ առաջ: Եվ այսօր, երբ Սահմանադրությունը արգելում է որեւէ պետական մարմնի միջամտել դատարանի գործունեությանը, երբ ամեն ինչ արված է, որ դատարանը  լինի անկախ, արդյոք մենք ունե՞նք դատական անկախություն, թե՞ ունենք դատական ամենաթողություն: Ասելով դատական անկախություն, գոնե ես` նկատի ունեմ դատավորի անկախությունը ամեն ինչից` այդ թվում վերադաս դատարանից, հարեւանից, ազգականից, քաղաքական եւ ցանկացած այլ ճնշումներից: Բայց, ցավոք,  մենք հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ դատավորը անկախ է իրեն զգում օրենքից, եւ նույն դատական համակարգում կա որոշակի անպատժելիության մթնոլորտ:

Արդարադատության խորհուրդը ստեղծված է որպես մարմին, որը թույլ չի տա դատարանին հայտնվել ամենաթողության վիճակում: Դա հանրային որոշակի հսկողության մեխանիզմ է: Այսօր ամենաբարձր պաշտոնյաները  նույնիսկ բարի նպատակներով չեն կարող իրավական եղանակներով ազդել դատարանների վրա, ես հատուկ շեշտում եմ` իրավական եղանակներով: Օրենքն ու Սահմանադրությունը ենթադրել են, որ դատարանից  պետք չէ պաշտպանել մարդուն, մինչդեռ Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ անհրաժեշտություն է ծագում մարդուն պաշտպանել դատարանից:

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանին զրկեց դատաքննության ընթացքում գործերին միջամտելու հնարավորությունից, եւ դա ճիշտ որոշում էր, որովհետեւ որեւէ մեկը իրավունք չունի միջամտել արդարադատության իրականացմանը: Բայց այսօր Պաշտպանին ուղղված դիմումների մոտ 40 %-ը բողոքներ են դատարաններից եւ դատարաններից պաշտպանելու խնդրանքներ, որոնք մենք ստիպված ենք մերժել` իրավասություն չունենալու հիմնավորմամբ:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան ես այլեւս իրավունք չունեմ  ապացույցներ ներկայացնել իմ փաստաբանական պրակտիկայից, քանի որ փաստաբանի խոսքը շատ հաճախ մեկնաբանվում է որպես կողմնակալ` վստահորդի շահերից բխող: Այսօր ես չունեմ վստահորդներ, չունեմ որեւէ  պարտականություն  որեւէ մեկի շահը պաշտպանելու, բացառությամբ այն դիմումատուների, որոնց շահերը, սակայն, ես  կարող եմ պաշտպանել պետական բոլոր մարմիններում` բացի դատարաններից: Այսօր փաստեր ներկայացնել կարող եք դուք` փաստաբանները, իսկ ես հնարավորություն ունեմ ձեզ հետ միասին այդ խնդիրները մատուցել հասարակությանը, եւ, ես վստահ եմ, որ մեր համագործակցությամբ կարող ենք շոշափելի արդյունքի հասնել:

Մարդու իրավունքների պաշտպանը 2011 թվականի հունվարի 1-ից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում տալու լիազորություն ունի: Դատական ակտի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես շատ այլ պետական մարմիններ,  շատ այլ անձինք, Պաշտպանը եւս  իրավունք ունի հաղորդում տալ կարգապահական վարույթ հարուցելու մասին: Սակայն Պաշտպանը մյուսների համեմատ ունի մեկ իրավական առավելություն. եթե հաղորդում ստացած մարմինը կարող է, առերեւույթ հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, առանց քննության վերադարձնել այն, ապա Պաշտպանի հաղորդումը նա պարտավոր է քննարկել եւ ընդունված որոշման մասին հայտնել եռօրյա ժամկետում: Բացի այդ, Պաշտպանն ունի եւս մեկ առավելություն. այդ գործերով չի հետապնդում որեւէ շահ, ուստի չի կարող մեղադրվել կողմնակալության մեջ:

 Կա նաեւ երրորդ առավելությունը` Պաշտպանի ձայնը կարող է շատ ավելի լսելի լինել հանրության լայն զանգվածների համար, քան փաստաբանի ձայնը: Իհարկե, Փաստաբանների պալատը` լինելով լուրջ եւ հարգված կառույց, նույնպես ունի այդ առավելությունը, ուստի մեր համագործակցությունը  կրկնակի արդյունավետ կդառնա:

Պաշտպանն իրավունք ունի պահանջել եւ ստանալ միայն ավարտված գործերի վերաբերյալ նյութերը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում կարող է տալ դատական ակտի կայացումից հետո` մեկ տարվա ընթացքում:  Այդ ժամկետում դուք կարող եք դիմել մեզ եւ եթե հայտնաբերվեն  դատավարական ու նյութական նորմերի կոպիտ խախտումներ,  եւ մենք ունենանք հիմնավոր փաստարկներ, ապա հաղորդում կներկայացնենք Արդարադատության խորհրդին կամ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող այլ անձանց: Այդպիսով, մեր համատեղ ջանքերով կկարողանանք  նմանատիպ դեպքերը դուրս բերել դատական փակ համակարգից եւ,  անգամ անկախ վարույթի արդյունքից, կկարողանանք դրանք դարձնել հասարակական հսկողության առարկա:

Այսօր իրավական  կանխատեսելիություն եւ իրավական որոշակիություն չկա, մի գործով մեկ ատյանը ընդունում է ինչ-որ որոշում, նմանատիպ այլ գործով մեկ այլ ատյանը ընդունում է բոլորովին այլ որոշում: Նույն ատյանում, նույն դատավորի մոտ նույնաբովանդակ գործերով որոշումները կարող են տարբեր լինել: Դատական համակարգը հաշվի չի առնում նախադեպերը, ինչը պատճառաբանվում է  դատարանի ունեցած հայեցողության լայն շրջանակով կամ կոնկրետ գործի հանգամանքներով: Իսկ իրավական կանխատեսելիության բացակայությունը խաթարում է արդարադատության պատշաճ իրականացման գործընթացը:

Այսպիսով, մեր այսօրվա քննարկման եւ հետագա համագործակցության շրջանակներում ցանկանում եմ հատուկ շեշտադրել իրավական կանխատեսելիության սկզբունքը: Իրավական կանխատեսելիության ապահովման պարագայում փաստաբանները կլինեն այն լծակը, այն ուժը, որը հասարակությանը կուղղորդի  դեպի արդարություն` ինչպես բոլոր զարգացած երկրներում»: