Շվեդիայի հետազոտողները փորձ են անցկացրել՝ միմյանց ծանոթ փորձարկվողների միջեւ մարմինների փոխանակման պատրանքով: Փորձը, որի մասին գրում է iScience հրատարակությունը, ցույց է տվել, թե ինչպես են փոխվում մարդկանց ընկալումները:
Ընդունված է համարել, որ անձի ինքնաճանաչումը հիմնված է նրա մանկության փորձի, ինչպես նաեւ ուրիշների հետ փոխհարաբերությունների փորձի վրա: Սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնաճանաչումը մեծապես կախված է սեփական մարմնի ֆիզիկական ընկալումից: Ըստ այդմ, եթե ինքնագնահատականը կապ չունի ֆիզիկական «ես»-ի հետ, ապա կարող են զարգանալ մի շարք հոգեկան եւ ֆիզիկական խանգարումներ, հայտնում է Planet-Today-ը:
Խնդիրը հասկանալու համար, Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի ուղեղի եւ մարմնի լաբորատորիայի գիտնականները, որոնց խումբը գլխավորել է նյարդակենսաբան Հենրիկ Էրսոնը, իրականացրել են փորձ, որում ներգրավված են եղել 33 զույգ ընկերներ: Բոլոր կամավորներին տրվել են հատուկ դիսփլեյ-սաղավարտներ, որոնք օգտագործվել են իրական ժամանակում զուգընկերոջ մարմնի մեջ մտնելու պատրանք առաջացնելու համար:
Փորձից առաջ կամավորները գնահատել են իրենց եւ իրենց ընկերներին՝ ըստ հատուկ համակարգի, որը ստեղծվել է ինքնավստահությունը, անկախությունը, շփվող լինելը, կենսուրախությունը, ինչպես նաեւ մի շարք այլ ցուցանիշներ արտացոլելու համար: «Մարմինների փոխանակումից» հետո կամավորները նորից հարցաթերթիկներ են լրացրել, բայց այս անգամ արդյունքները տարբերվել են: Փորձը ստիպել է կամավորներին իրենց ավելի շատ նման համարել ընկերներին, որոնց հետ նրանք «փոխանակել էին մարմինները»։





























