NASA-ի Ազգային ավիացիոն եւ տիեզերական կառավարման ազգային կենտրոնի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնն ասել է, որ մի քանի տարուց կին-տիեզերագնացը կարող է ոտք դնել Լուսնի մակերեւույթին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մինչեւ 2024 թվականը Լուսնի վրա տիեզերագնացների՝ կանանց եւ տղամարդկանց վայրէջքը կախված է նրանից, թե արդյոք մենք կարող ենք ոգեշնչել բոլոր ամերիկացիներին այս նպատակին հասնելու համար»,- ասել է նա՝ ցուցադրելով Artemis ծրագրի վառ կարմիր եւ ոսկեգույն պատկերանշանը: Նա հիշեցրել է, որ հենց այդ գույներն էին անցյալ դարի սկզբին օգտագործում կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստները:

2019-ի գարնանը NASA-ն ազդարարել էր Artemis լուսնային ծրագրի նախագծի մասին, որը բաղկացած կլինի երեք փուլից: Դրանցից առաջինը (Artemis 1) նախատեսում է Լուսնի շուրջ SLS (Space Launch System) հրթիռի վրա տեղադրված Orion տիեզերանավի անօդաչու թռիչքը եւ դրա վերադարձը Երկիր:

Երկրորդ փուլը (Artemis 2) անձնակազմով թռիչք է Երկրի բնական արբանյակի շուրջը: Առաքելության երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն ակնկալում է 2024 թվականին տիեզերագնացներ իջեցնել Լուսնի վրա: