«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը արձագանքել է «Ֆլամինգո-արտ լողափ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Թարխանյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են Ազգային պարկի լրատվության բաժնից՝ Սեւանա լճի ափին 2 հանրային  լողափերի կառուցումը հետապնդում է հանրության համար մատչելի եւ հասանելի հանգստի կազմակերպման նպատակ: «Այդ նպատակով Սեւան ազգային պարկ ՊՈԱԿ-ի  կողմից  ընտրվել է  պետական սեփականություն հանդիսացող հողամաս, որը  ծանրաբեռնված չէ իրավունքներով, այսինքն` չունի իրավունքների նոտարական վավերացում եւ պետական կադաստրում գրանցում ունեցող պայմանագիր, եւ   կառավարության որոշման անօրինականության մասին խոսք լինել չի կարող»,- նշված է Ազգային պարկի հաղորդագրության մեջ:

Այնուհետ հավելվել է, որ պետական սեփականություն հանդիսացող նշված լողափերը կկահավորվեն եւ կբարեկարգվեն՝ առաջին հերթին ծառայելով հանրային շահին, քանզի  մուտքը լողափեր լինելու է անվճար: Կառուցապատումն իրականացվելու է  ժամանակավոր շինությունների տեսքով, որոնք լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ կարող են անվնաս ապամոնտաժվել եւ տեղափոխվել ավելի բարձր մակարդակի վրա:

«Սեւան» ազգային պարկը ապօրինի  է համարում «Ֆլամինգո Արտ» կազմակերպության կողմից կառուցված սրճարանը, որը գտնվում է  հիմնական կառուցապատումն արգելված` 1905.0 մ. բացարձակ նիշից ցածր, այսինքն` 1901.0 մ. սահմաններում: Շինությունը, ըստ  ՀՀ օրենսդրության, պետք է ապամոնտաժվի կառուցապատողի միջոցների հաշվին, ինչը մինչ օրս չի կատարվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ֆլամինգո-Արտ լողափ» ՍՊԸ-ի հիմնադիր՝ Անահիտ Թարխանյանը, ով նաեւ հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ վիճարկելով Սեւանա լճի ափին հանրային լողափ կառուցելու որոշումը։ Ա. Թարխանյանն անբարոյական եւ անօրինական է համարել իր օգտագործման ներքո գտնվող տարածքում հանրային լողափի կառուցումը։