«Ժառանգության» պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը այսօր` մայիսի 19-ին հանդիպել են ԵՄ երկրների` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ եւ ներկայացրել «Ժառանգության» մոտեցումները արտաքին ու ներքին խնդիրների վերաբերյալ:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատել է «Ժառանգության» նվիրվածությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներին` մարդու իրավունքներին ու ազատություններին, իրավունքի գերակայությանը, իշխանության ճյուղերի տարանջատվածությանը եւ հակակշռվածությանը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը:  Տարածաշրջանային ու անվտանգության խնդիրների համատեքստում նա խոսել է ԼՂՀ ճանաչման հրամայականի ու առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների անհրաժեշտության մասին:

Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է «Ժառանգության» գործունեությունը խորհրդարանում, իսկ Զարուհի Փոստանջյանը` քաղաքացիական հասարակության դաշտում:

Հանդիպմանը կարեւորվել է խորհրդարանական մեծամասնություն-ընդդիմություն երկխոսության, փոխզիջումների ճանապարհով ընտրական օրենսգիրք ընդունելու ու համակարգային բարեփոխումներ իրականացնելու,  2008թ. մարտի 1-ի դեպքերի բազմակողմանի, անաչառ եւ խորքային քննության, քաղբանտարկյալների ազատ արձակման ու տեղի ունեցածին ճշգրիտ իրավա-քաղաքական պաշտոնական գնահատական տալու, հավաքների իրավունքի անխոչընդոտ եւ ազատ իրացման հարցերը` որպես ապագայում նման ողբերգության բացառման երաշխիք:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդելյը, Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն,  Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն, Նիդեռլանդների դեսպան Պիտեր Լանգենբերգը, Ռումինիայի, Լեհաստանի, Գերմանիայի փոխդեսպանները: