Կրեմենչուգում կրոնական համայնքի բացումն ու հայկական եկեղեցու կառուցումը քննարկվել է Ուկրաինայի Հայերի միության արտագնա նիստի ժամանակ, հաղորդում է AnalitikaUA.net-ը։
Միջոցառմանը ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական պատրիարքարանի ղեկավար Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի Հայերի միության ներկայացուցիչներ, «Ուրարտու» Պոլտավսկի մարզային հայկական հասարակական կազմակերպության նախագահ Գենադի Աղաջանյանը, տեղական համայնքի գործիչներ եւ այլոք։
Հանդիպման պատվիրակները բարձրաձայնել են այնպիսի կարեւոր հարցեր, ինչպես Ուկրաինայի Հայերի միության եւ Կրեմենչուգում հայկական երիտասարդական կազմակերպության ստեղծումը, կրոնական համայնքի կազմի հաստատումն ու քաղաքի հայ համայնքի համար այլ կարեւոր հարցեր։
Քննարկվել է նաեւ Կրեմենչուգում կրոնական համայնքի բացումն ու հայկական եկեղեցու կառուցումը։ Հյուրերի համար անցկացվել է Ուկրաինայի Հայերի միության եւ Ուկրաինայի Հայ երիտասարդների միության նախագծերի շնորհանդեսը։
Պարբերականը հիշեցնում է, որ Ուկրաինայի Հայերի միությունը բացի եռամսյակային համաժողովներից, անցկացնում է նաեւ պարբերական բնույթ կրող եւ արտագնա հանդիպումներ երկրի տարբեր շրջաններում։
Հայտնի է, որ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ Ուկրաինայի Հայերի միությունը դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները։ Ուկրաինիայի Հայերի միությունն իրականացնում է ակտիվ աշխատանք ազգային պատմական արժեքները հանրայնացնելու ուղղությամբ։





























