Հուլիսի 24-ին Ֆրանսիայի Դեզին Շարպյե քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչների վրա հարձակման փորձ կատարած թուրք ծայրահեղականները պատասխանատվության կենթարկվեն, հայտնում է Sputnik-Արմենիան` վկայակոչելով Le Parisien-ին:
30 000 բնակչություն ունեցող Դեզին Շարպյեում ապրում է շուրջ 4000 հայ: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել է հանրահավաքի՝ ընդդեմ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիայի: «Հանրահավաքը խաղաղ էր, դրան մասնակցում էին նաեւ քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ»,- ասել է քաղաքի հայ համայնքի ակտիվիստներից Դանի-Կլոդ Զարդարյանը։
Նրա խոսքերով՝ շուրջ հարյուր զինված թուրք ակտիվիստներ փորձել են խափանել հանրահավաքը:
Մեկ ամսվա վաղեմության տեսանյութերում երեւում է, թե ինչպես են թուրքական դրոշներով մարդկանց խմբերը հայհոյանքներ բղավում եւ կոչ անում «գտնել հայերին»: Դրանից հետո թուրքերը ջարդում են մի քանի մեքենա: Դրան միջամտում է Ֆրանսիայի ազգային գվարդիան (CRS), որն արցունքաբեր գազ է կիրառում: Հարցաքննվել եւ ձերբակալվել է չորս թուրք ակտիվիստ (նրանցից մեկը անչափահաս է):
«Սոցցանցերում որոշ թուրքեր հայտարարում են, որ այդ գործողությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Գորշ գայլեր» կազմակերպությունը»,- նշել է Ֆրանսիայի Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի տեղական ներկայացուցիչ Րաֆֆի Թանզիլին: Նախկինում հայերը բախվում էին միայն առանձին մարդկանց ագրեսիային: Այս ավելի մեծ բախումը, որը կանխեցին ֆրանսիացի իրավապահները, առաջինն էր, հավելել է նա:
Երբ պարզվել է, որ ոստիկանները վճռական են տրամադրված կարգուկանոն հաստատելու հարցում, իսկ նրանց հետ բախումը լավ բան չի խոստանում, ջարդարարներից մեկը՝ Ահմեդ Չեթինը, կոչ է արել հանցակիցներին վայր նետել զենքերը: Պարզվել է, որ թուրք «ցուցարարները» զինված են եղել մետաղյա ձողերով:
Այժմ 23-ամյա Չեթինը (որն իրեն անվանում է 1francoturc) ձերբակալված է: Օգոստոսի 17-ին նա արդեն հարցաքննվել է էթնիկ ատելություն սերմանելու գործով:
Չեթինն իր ծառայություններն է առաջարկել Էրդողանին՝ չմոռանալով թեյավճար խնդրել: Սոցցանցերում իր ուղերձներից մեկում նա ասում է. «Թող Թուրքիայի կառավարությունն ինձ երկու հազար եվրո եւ զենք տա, եւ ես կանեմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որտեղ էլ լինի Ֆրանսիայում»:



























