Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը հրամանագիր է ստորագրել թագավորության միավորված զինված ուժերի հրամանատար Ֆահդ բեն Թյուրքի Ալ Սաուդի լիազորությունները դադարեցնելու մասին: Երկուշաբթի սաուդյան մամուլի գործակալության փոխանցմամբ` պաշտոնանկության պատճառը պաշտպանության նախարարությունում ֆինանսական խարդախություններին հրամանատարի մասնակցության կասկածանքն էր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ֆահդ բեն Թյուրքի Ալ Սաուդի ծառայությունը դադարեցվում է` նրան թոշակի ուղարկելու ճանապարհով»,- մեջբերում է գործակալությունը հրամանագրի տեքստը: Փաստաթղթի համաձայն` նահանգներից մեկի նահանգապետի տեղակալի պաշտոնից հեռացվում է նաեւ արքայազն Աբդել Ազիզ բեն Ֆահդ ալ Սաուդը:
Նշվում է, որ թագավորը հանձնարարել է հետաքննություն սկսել առկա կասկածների կապակցությամբ եւ գործողություններ ձեռնարկել ներգրավված անձանց դեմ: Գործակալությունը հայտնում է, որ ֆինանսական խարդախությունները հետաքննելու հայցը գերատեսչություն ուղարկվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալման Ալ Սաուդի կողմից:





























