Դոնալդ Թրամփի վարչակազմը սուր քննադատության է ենթարկել Կոլումբիայի շրջանի կառույցների եւ հուշարձանների վերաբերյալ աշխատանքային խմբի զեկույցը, որը երեքշաբթի հրապարակել էր Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը: Ըստ աշխատանքային խմբի առաջարկությունների` Զորջ Վաշինգտոնի, Քրիստոֆեր Կոլումբուսի եւ Էնդրյու Զեքսոնի հուշարձանները, ինչպես նաեւ Զեֆերսոնի հուշահամալիրը կարող են ապամոնտաժվել Վաշինգտոնում, նշվում է Սպիտակ տան խոսնակի հայտարարության մեջ:
«Ծիծաղելի առաջարկություններ» հրապարակելով` «Վաշինգտոնի արմատական ազատական քաղաքապետը կրկնում է նույն պատմությունը... որն օգտագործվում էր վտանգավոր անկարգություններ հրահրելու համար, որոնք ուղղված էին ոչնչացնելու մեր պատմությունն ու մեր մեծ ժառանգությունը», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մեր երկրի մայրաքաղաքն իրավամբ լցված է անթիվ հուշարձաններով եւ արձաններով`ի պատիվ այս երկիրը կառուցած տղամարդկանց եւ կանանց: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ այդ վայրերը պետք է պահպանվեն, ոչ թե քանդվեն. հարգել, այլ ոչ թե ատել, եւ փոխանցել սերնդեսերունդ»,- հայտարարել են Սպիտակ տանը:
«Քաղաքապետի անպատասխանատու առաջարկությունները ոչ մի բանի չեն բերի, քանի դեռ նախագահ Թրամփը գտնվում է Սպիտակ տանը»,- նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ: Վարչակազմում շեշտել են, որ ամերիկացի ժողովրդին պատկանող մայրաքաղաքի քաղաքապետը «պետք է ամաչի, որ նույնիսկ առաջարկում է դիտարկել [այդ գաղափարները]»:
2020-ի հուլիսին Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերն աշխատանքային խումբ էր ստեղծել, որին հանձնարարվել էր ուսումնասիրել Կոլումբիայի պատմական ժառանգությունը` հուշարձաններ, հասարակական տարածքներ, շենքեր, պատմական գործիչների անվան դպրոցներ` պարզելու` արդյոք այդ մարդիկ ներգրավված էին աֆրոամերիկացիների եւ այլ էթնիկ փոքրամասնությունների ճնշումների մեջ կամ «նպաստել են համակարգային ռասիզմի ստեղծմանը Միացյալ Նահանգներում»:
Կոլումբիա շրջանի` կառույցների եւ հուշարձանների աշխատանքային խմբի զեկույցը սեպտեմբերի 1-ին հրապարակվել էր Կոլումբիա շրջանի պաշտոնական կայքում:





























