Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայում աշխարհի առաջնորդների ամենամյա հանդիպման ժամանակ բարձր մակարդակի գագաթնաժողով կանցկացնի` քննարկելու աշխարհին ուղղված անվտանգության սպառնալիքները COVID-19-ի համավարակի ավարտից հետո, փոխանցում է AP-ն:
ՄԱԿ-ում Նիգերի դեսպան Աբդու Աբարին, ով դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, նշել է, որ ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմնի նիստը կանցկացվի առցանց սեպտեմբերի 24-ին:
Ըստ նրա` «COVID-19-ից հետո գլոբալ կառավարման թեմայով միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման հետ կապված» հանդիպումը կանդրադառնա անվտանգության ավանդական սպառնալիքներին, ինչպիսիք են հակամարտությունները, հանցավորությունն ու համավարակները, ինչպես նաեւ` գործող միջազգային համակարգի «ճշգրտումները»:
Նա նշել է, որ Նիգերի նախագահ Մահամադ Իսուֆուն, որը նախագահելու է հանդիպմանը, հրավեր է ուղարկել Անվտանգության խորհրդում ներառված 14 երկրների ղեկավարներին: Նրա խոսքով` որոշ երկրներ, որոնք նա չի նշել, արդեն հայտարարել են, որ իրենց պետությունների ղեկավարները ներկա կլինեն հանդիպմանը:
Աբարին նշել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո առանցքային հարցը հետեւյալն է. «Արդյո՞ք մենք կարող ենք ավելի կայուն, արդար աշխարհ կառուցել` շրջակա միջավայրի ավելի քիչ ոչնչացմամբ, ինչը կարող է մարդկությանը հնարավորություն տալ ներդաշնակ ապրել նաեւ բնության հետ»:





























