Այսօր անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ՝ ի տարբերություն կառավարվող օդային միջոցների: Այս մասին այսօր Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ ասաց վաստակավոր ռազմական օդաչու Վլադիմիր Պոպովը:

Նրա խոսքով՝ ԱԹՍ-ի ինտելեկտուալ ներուժը դեռ խոցելի է: «Մարդը գլխավոր օղակն է միջոցների կառավարման եւ որոշումների ընդունման գործում: Այլ հարց է, որ ԱԹՍ-ն ունակ է լրջորեն շեղել հակառակորդի ՀՕՊ համակարգերը՝ կեղծ օդային թիրախներ ստեղծելով»,-նշեց նա:

Իր հերթին, ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը պարզաբանեց, որ ԱԹՍ-ի արդյունավետությունը կախված է հակառակորդի ՀՕՊ միջոցների արդյունավետությունից եւ այդ միջոցները հայտնաբերելու ԱԹՍ ունակությունից: «ԱԹՍ-ն արդյունավետ է մարտական գործողությունների սկզբնական փուլում, ոչ ավել: Բացառություն է սովետական գերձայնային «Կորշուն» ԱԹՍ-ն, որն ունակ է լուրջ մարտական խնդիրներ կատարել մինչեւ 1000 կմ հեռավորության վրա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է ուղղաթիռների զարգացման համաշխարհային միտմանը, նրա խոսքով, դրանք 3 ուղղություն ունեն՝ անօդաչուների ստեղծում, գերարագ ուղղաթիռների ստեղծում եւ տրանսպորտային ուղղաթիռների մեծացում: