Բելառուսը հաստատել է Բալթյան երկրների նկատմամբ ասիմետրիկ պատժամիջոցային ցուցակը: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Մոսկվայում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մաքեյը:

«Երեկ մենք համաձայնեցրել ենք Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի նկատմամբ ասիմետրիկ պատժամիջոցային ցուցակը»,-ասել է նա:

Նա նշել է, որ որոշ երկրներ Բելառուսի նախագահական ընտրություններն օգտագործեցին երկրի վիճակը ապակայունացնելու նպատակով:

Մաքեյն ընդգծել է, որ Մինսկը կտրականապես դեմ է հեղափոխական ցնցումներին, որոնք կազմակերպում են արտաքին ուժերը:

Նրա խոսքով՝ հանրապետության ղեկավարությունը ելնում է նրանից, որ միայն խաղաղ շարժումը կհանգեցնի խաղաղության եւ կայունության:

Մաքեյը հավաստիացրել է, որ Բելառուսում ներքին հակասությունները շուտով կվերանան:

Նրա խոսքով՝ օպտիմալ տարբերակ է սահմանադրական բարեփոխումը, սակայն նա սահմանադրության պատրաստման ժամկետներ չի նշել: Նա միայն հավաստիացրել է, որ աշխատանքներ են տարվում:

Մաքեյի խոսքով՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները որոշ եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները հետ գցեցին: