Միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան անալիզների մի ամբողջ կոմպլեքս է անցկացվել մինչ բլոգեր Ալեքսեյ Նավալնուն Բեռլին տեղափոխելը։ Ոչ մի թունավոր նյութ նրա անալիզներում այն ժամանակ չի հայտնաբերվել, չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «ՌԴ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել գերմանական կողմին՝ հուսալով, որ պաշտոնական պատասխան կտրվի»:

«Մեր բժիշկները նաեւ պաշտոնապես առաջարկել են տվյալների փոխանակում եւ դեռեւս, ցավոք, պատասխան չեն ստացել գերմանացի գործընկերներից»,- հավելել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ «մինչ հիվանդին Բեռլին տեղափոխելը, միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան, մեր երկրում անալիզների մի ամբողջ համալիր է իրականացվել, որեւէ թունավոր նյութ չի հայտնաբերվել»: