ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին փոստով զանգվածային քվեարկությունն այլ երկրներին հնարավորություն է տալիս կեղծել քվեաթերթիկները` քվեարկության արդյունքի վրա ազդելու համար: Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա` այս եղանակով քվեարկելիս «քվեաթերթիկների կեղծման հնարավորություն կա»: Նրա կարծիքով` դա կարող է անել Միացյալ Նահանգների ցանկացած անձ կամ այլ երկրների ներկայացուցիչ: «Դա կարող է անել ցանկացած մարդ»,- նշել է նա: Նախարարն արձանագրել է, որ այս պահին որեւէ ապացույց չկա, որ որեւէ պետություն նման փորձեր է ձեռնարկում:

Հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին բազմիցս քննադատել էր փոստով քվեարկության մեթոդը, որը դեմոկրատներն առաջարկում են լայնորեն կիրառել ԱՄՆ ներկայիս ընտրություններում կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս մեթոդը թույլ չի տալիս ճշգրիտ եւ արագ ամփոփել քվեարկության արդյունքները, համոզված է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը: Նա պարզաբանել է, որ նկատի ունի առաջին հերթին լայնամասշտաբ կեղծիքների եւ քվեաթերթիկների կեղծման սպառնալիքը, «մեռած հոգիների» քվեարկությունը, ինչպես նաեւ` այն անձանց, ովքեր իրավունք չունեն մասնակցել ընտրություններին:

Թրամփը նաեւ հայտարարել էր, որ փոստով քվեարկությունը գալիք ընտրությունները խոցելի են դարձնում արտաքին միջամտության համար: