Ռուսաստանը պետք է պատասխանի Ալեքսեյ Նավալնու գործի հետ կապված լուրջ հարցերին՝ կարծում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, հաղորդում է Reuters-ը:
«Հստակ է, որ կան լուրջ հարցեր, որոնց պետք է պատասխանի ՌԴ կառավարությունը, եւ այժմ պետք է պարզել, թե ինչ է տեղի ունեցել պարոն Նավալնու հետ»,-ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի խոսնակը:
Նախօրերին Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով: Մեծ Բրիտանիան օգնություն է առաջարկել Գերմանիային այդ հարցը լուծելու համար, եւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբն ավելի ուշ հեռախոսազրույց է ունեցել իր գերմանացի գործընկերոջ հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ Գերմանիայի եւ Եվրոպայի ցանկացած արձագանք կախված է նրանից, թե արդյոք Ռուսաստանը կօգնի պարզել այդ գործը:





























