Հայ ազգային կոնգրեսի քաղաքական կուրսն այս տարվա մարտի 1-ից սկսած լճացել է, կորցրել է սրությունն ու համարձակությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 20-ին հայտարարեց ՀՀՇ նախկին անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ, «Առցանց ազատականների ալյանս»-ի համակարգող Կարապետ Ռուբինյանը:
Ըստ նրա` ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցան ՀԱԿ-ի մարտավարության մեջ, որը հայտարարեց, թե ընտրվել է խաղաղ, անցնցում ճանապարհը: Մինչդեռ, ըստ ԱԺ նախկին փոխխոսնակի, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ երկրում տիրող տնտեսական անկումն ու սոցիալական վիճակի խորացող վատթարացումը համընկան արաբական հեղափոխությունների հետ, որոնք մեծ ոգեւորություն մտցրին ժողովրդի մեջ: Ժողովուրդը ցույց տվեց, որ պատրաստ է կանգնելու ու մինչեւ վերջ պայքարելու իր իրավունքների համար: Նրա խոսքով` նման իրավիճակում սկսված ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը միայն միկրո հաջողություններ է արձանագրելու:
«Լավ է, որ չենք ունենալու քաղբանտարկյալներ: Հայտարարվում է, որ դա էապես կլիցքաթափի իրավիճակը: Սակայն էապես լիցքաթափված իրավիճակում ինչո՞ւ պետք է ռեժիմը սկսի բանակցել իր հրաժարականի շուրջ»,-նկատեց Ռուբինյանը:
Հարցին, թե գուցե ՀԱԿ-ի կեցվածքի պատճառն այն է, որ նա այսպիսով լուծում է ապագա խորհրդարանում իր մանդատների խնդի՞րը, ԱԺ նախկին փոխխոսնակն արձագանքեց. «Կարող է իրենք հաշվարկել են, որ կոնֆրոնտացիոն ճանապարհը իրենց որեւէ հեռանկար չի խոստանում:
Ենթադրենք խորհրդարանում ՀԱԿ-ը ինչ-որ տեղեր ունի, դա կարելի է ինչ-որ հաջողություն համարել: Հաստատ գիտեմ, որ հիմարներ եւ սրիկաներ չեն գնա, նորմալ մարդիկ կգնան խորհրդարան: Կարելի է ասել, որ խորհրդարանի մակարդակը ինչ-որ չափով կբարձրանա: Բայց մեր երկրին դա՞ է պետք»,-նկատեց Ռուբինյանը: Նրա խոսքով`Հայաստանին պետք են խորը, ռադիկալ բարեփոխումներ բոլոր ոլորտներում, ինչը, սակայն, ընթացող զարգացումները չեն խոստանում:




























