Իրանը ԱՄԷ-ին կոչ է արել «ուղղել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ռազմավարական սխալը»: Իրանի արտգործնախարարության նեչրկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ ԱՄԷ-ն երկու ռազմավարական սխալ է թույլ տվել` կարգավորելով հարաբերությունները «սիոնիստական ռեժիմի» հետ: Ըստ նրա՝ ԱՄԷ-ն ոչ միայն ճանաչողական սխալ է թույլ տվել, այլեւ սխալ է թույլ տվել հաշվարկներում, հաղորդում է Tasnim-ը:
Նա նշել է, թե Աբու Դաբիի կառավարության սխալ հաշվարկն այն է, որ նա կարծում է, թե մեր օրերում անվտանգությունը կարելի է տարածաշրջանից դուրս գնել:
«Մենք տարածաշրջանում տեսել ենք բազմաթիվ ճանաչողական սխալներ եւ սխալ հաշվարկներ, որոնց վառ օրինակը (Իրաքի նախկին բռնապետ) Սադամ Հուսեյնն էր»,- հավելել է Խատիբզադեն: «Մենք ակնկալում ենք, որ ԱՄԷ-ն կուղղի իր սխալները: Իրանը ոչ մեկի հետ չի կատակելու, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը, եւ դա նրանց (Էմիրություններին) պարզ հասկացրել են որոշակի խողովակներով»,- ընդգծել է պաշտոնյան:




























