Անօրինական ներգաղթյալների ռեադմիսիայի մասով Հայաստանի համար հատկապես կարեւոր են Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդների եւ Բելգիայի հետ հարաբերությունները: Այդ առումով ամենից շատ խնդիրներ են առաջացել Ֆրանսիայի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) միջեւ անօրինական բնակություն հաստատած անձանց հետ ընդունման (ռեադմիսիա) մասին» Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համաձայնագրի արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ 2017-2018 թվականներին Գերմանիայի հետ ավելի շատ խնդիրներ կային, բաց հիմա հարցեր կան Ֆրանսիայի հետ:

Ղազարյանը նաեւ հայտնեց, որ համավարակի ժամանակ եվրոպական գործընկերների հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել այդ շրջանում չարտերային չվերթներ չիրականացնելու մասին, եւ հիմա ազդակներ են ստացվում, որ եվրոպական երկրների կողմից ցանկություն կա, որ կազմակերպվեն չարտերային չվերթներ:

Նա հավելեց, որ այժմ Հայաստանը ռեադմիսիայի մասին վավերացված համաձայնագրեր ունի Ֆրանսիայի, Չեխիայի եւ Էստոնիայի հետ:

Նա նաեւ նկատեց, որ հայրենիք հարկադիր վերադարձած եւ կեցության վայր չունեցած քաղաքացիներին տրամադվում է բնակարանի վարձակալության համար 60 000 դրամ, ինչպես նաեւ աջակցություն ներդրումների եւ բիզնես սկսելու հարցերում: