ԱՄԷ պատվիրակությունն իր առաջին պաշտոնական այցը կկատարի Իսրայել սեպտեմբերի 22-ին, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության աղբյուրների հաղորդմամբ՝ ենթադրվում է, որ ԱՄԷ-ն կհստակեցնի այցի հետ կապված մանրամասները՝ ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունից հետո, որը, հավանաբար, կկայանա սեպտեմբերի կեսերին Վաշինգտոնում:

Օգոստոսի 13-ին ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու ԱՄԷ-ն համաձայնել են կարգավորել երկկողմ հարաբերությունները: Ըստ պայմանավորվածության՝ Իսրայելը դադարեցրել է իր սուվերենության տարածումը Հորդանանի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինաիսրայելական կարգավորման ամերիկյան ծրագրով: