Ռուսական լրատվամիջոցներում տարածվել է Վրաստանի եւ նրա ռազմավարական գործընկերների՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության մասին հերթական կեղծիքը: Այս մասին ասվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերպրեսնյուսը»:
Հայտարարության համաձայն՝ gosnovosti պորտալում տեղադրվել է հոդված՝ «Վրաստանը փող է աշխատում Ռուսաստանի դեմ սադրանքներով»:
«Հոդվածում բերվում է գոյություն չունեցող եւ շինծու նամակ, որը, իբր, Վրաստանի նախագահին գրել է եվրոպական կենսակերպի աջակցության հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Շինասը:
Կեղծ նամակում Մարգարիտիս Շինասը շնորհակալություն է հայտնում Վրաստանի նախագահին` Վրաստանի տարածքում Մերձավոր Արեւելքից փախստականների ճամբար ստեղծելու նախաձեռնությանը աջակցելու համար:
Վրդովեցուցիչ է ռուսական կողմից միջազգային մակարդակով Վրաստանի կառավարությանը եւ ռազմավարական գործընկերների հետ նրա հարաբերությունները վարկաբեկելու եւս մեկ փորձը:
Սուտ տեղեկատվություն տարածելով՝ ռուսական կողմը նաեւ փորձում է իշխանությունների նկատմամբ անվստահություն սերմանել Վրաստանի բնակչության շրջանում, նրանց մեջ բորբոքել հակաարեւմտյան տրամադրություններ եւ ստեղծել կեղծ սպառնալիքի սպասում բարեկամներից ու հարեւան երկրներից:
Եվրամիության մեր գործընկերներին կոչ եմ անում խստորեն դատապարտել ռուսական կողմի այս սադրիչ փորձերը, որոնք ուղղված են Վրաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացմանը խանգարելուն»,- ասված է նախագահի հայտարարության մեջ:




























