ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը զգուշավոր հույս է հայտնել Պարսից ծոցում հարեւանների կողմից Կատարի եռամյա շրջափակումը թուլացնելու վերաբերյալ՝ Վաշինգտոնի դիվանագիտական ճնշման ֆոնին, հայտնում է AFP-ը։
«Որոշակի առաջընթաց կա: Ես կասեի, որ դա կտեւի մի քանի շաբաթ»,- ասել է Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ գլխավոր դիվանագետ Դեւիդ Շենկերը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ, բայց հիմնական խաղացողները դեռ ունեն խնդիրներ, որոնք նրանց բաժանում են: «Չկար մի հիմնարար տեղաշարժ, որը մեզ ստիպեր հենց հիմա դուռը բացել, սակայն բանակցություններում մի փոքր ավելի ճկունություն գտանք»,- ասել է նա:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը 2017-ի հունիսին խզել էին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Նրանք Դոհային մեղադրել էին արմատական իսլամիստներին, ինչպես նաեւ Իրանին աջակցելու մեջ:
Նախագահ Դոնալդ Թրամփը, որը սերտ կապեր է պահպանում Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ղեկավարների հետ, սկզբում Կատարի կողմն էր, բայց այդ ժամանակվանից Միացյալ Նահանգները փորձում է մեղմել լարվածությունը:
Վաշինգտոնը հուսով է, որ արաբները կմիավորվեն հիմնական մրցակից Իրանի դեմ պայքարում:
Թրամփի վարչակազմը ակտիվացրել է դիվանագիտությունը Պարսից ծոցում՝ փորձելով նոյեմբերին կայանալիք ընտրություններին ընդառաջ ցույց տալ իր ձեռքբերումները:





























