Նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփը եւ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել են 2001թ. սեպտեմբերի 11-ին Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքում վթարի ենթարկված 93 չվերթի ուղեւորների եւ անձնակազմի ոգեկոչման արարողությանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Ամերիկայի դեմ ահաբեկչական գործողությունների 19-րդ տարեդարձի արարողության մասնակիցները Ազգային հուշահամալիրի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են 93 չվերթի զոհերի հիշատակը:
«19 տարի առաջ, այս օրը, հենց այս ժամին, այս դաշտում 40 քաջ տղամարդիկ եւ կանայք հաղթեցին ահաբեկիչներին եւ իրենց կյանքը զոհեցին մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով արարողությանը:
Թրամփն ընդգծել է, որ 93 չվերթի ինքնաթիռում իրենց կյանքը զոհաբերած հերոսները «հավերժ հիշեցում են, որ անկախ վտանգից, սպառնալիքից... Ամերիկան միշտ վեր է կենում, բարձրանում եւ հետ է մղում իր թշնամիներին»:
93 չվերթի 40 ուղեւորների եւ անձնակազմի հուշարձանը, որոնք փորձել են խանգարել ահաբեկիչների կողմից ինքնաթիռի առեւանգմանը, կառուցվել է Շենքսվիլի մերձակայքում՝ 2011թ.։ Ինքնաթիռն ուղեւորվում էր Նյուարք քաղաքից դեպի Սան Ֆրանցիսկո:
Ենթադրվում է, որ ահաբեկիչների կողմից առեւանգված ինքնաթիռը թռչում էր դեպի Վաշինգտոն՝ չարագործները ծրագրում էին հարձակվել ԱՄՆ Կապիտոլիումի շենքի վրա: Թռիչքի ուղեւորներին հաջողվել է խանգարել ահաբեկիչների ծրագրերին՝ նրանց հետ պայքարի մեջ մտնելով, սակայն ինքնաթիռը կորցրել է կառավարումը եւ վթարի ենթարկվել Շենքսվիլ քաղաքի մերձակայքում: Օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են:





























