Հայաստանի կառավարությունում այսօր` մայիսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ նիստի արձանագրությունների քննարկումից եւ հաստատումից հետո խորհրդի անդամներն անցել են օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմանը: Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի համատեքստում, մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել զբոսաշրջության, Տաթեւի վերածնունդի եւ առողջապահության ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Միջազգային տնտեսական զարգացման միտումների շուրջ մտքերի փոխանակումից հետո խորհուրդը քննարկել եւ հաստատել է հիմնադրամի 2010թ. գործունեության ֆինանսական, ինչպես նաեւ աուդիտորական հաշվետվությունները: Արծարծվել է նաեւ կազմակերպության 2011թ. բյուջեի եւ ծախսերի հարաբերակցության հարցը:

Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, քննարկվել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարությանն առնչվող խնդիրներ, արծարծվել են նաեւ կազմակերպչական հարցեր: