«Սփյուռքում տեղի ունեցող ցույցերը նախատեսված ցույցեր են, եւ բոլորը գիտեն, որ դա անհրաժեշտ հանգամանք է կարծիքներ փոխանակելու համար»,- այս մասին հոկտեմբերի 7-ին «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Ղարաբաղի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

Վերջինս ողջունում է նախագահի՝ համահայկական ուղեւորությունը եւ հավաստիացնում, որ նախագահի համար շատ կարեւոր է լսել սփյուռքի, թե դրական, եւ թե բացասական կարծիքները։

«Սփյուռքահայության համար նման զգացմունքային վերաբերմունքը բնական է, քանի որ նրանք ցեղասպանության իրավահաջորդներն են հանդիսանում,սակայն այս պարագայում՝ հարցին պետք էր սառը մոտենալ՝ գնահատելով այսօրվա իրավիճակը»,- հայտարարեց Վարդանյանը, ընդգծելով, որ հայ-թուրքական արձանագրությունների մեջ իհարկե կան մտահոգիչ կետեր, սակայն պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը , որ նման ձեւով պայմանագիր կնքելը ավելի հեշտ է, ինչի միջոցով եւ հայերը, եւ թուրքերը կստանան այն ամենը, ինչ ուզում են։

Արփի Վարդանյանի կարծիքով նախագահ՝ Սերժ Սարգսյանի այցելությունների արդյունքները դրական կլինեին, եթե երկու կողմերը՝ պատվիրակությունը եւ սփյուռքի ներկայացուցիչները իրար լսեին, ոչ թե սփյուռքի ներկայացուցիչները իրեր նետեին ու առանց լսելու հեռանային։

«Շատ հետաքրքիր կլինի այս այցելությունից հետո իմանալ հենց նախագահի կարծիքը, որովհետեւ ինքը շատ առաջարկություններ է լսել եւ կարող է նույնիսկ նոր բան առաջարկել, սակայն չմոռանանք, որ եթե Հայաստանը ներկայացնի իր փոփոխությունները ու նոր հարցադրումներ առաջ քաշի, ապա Թուրքիան եւս կներկայացնի իրենը, քանի որ այս ամենին դեմ են նաեւ թուրքերը եւ ադրբեջանցիները՝ իրենց մտահոգություններով եւ մտավախոևթյուններով հանդերձ»,- հավաստիացրեց նա։

Իսկ ինչ վերաբերում է արձանագրությունների ստորագրումից հետո Հայոց ցեղասպանության հարցը մի կողմ դնելուն, ապա Արփի Վարդանյանը նշեց, որ Թուրքիայի հասարակությունը ինքն էլ է հասկանում, որ կգա մի օր, երբ Թուրքիան կճանաչի ցաղասպանությունը։