Քաղաքական իշխանության համակարգը Հայաստանում այնպիսին է իր էությամբ, որ չի հանդուրժում այլընտրանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պատճառներին:

«Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիսիյան իրադարձություններից հետո ձեւավորվում է անձնիշխան կառավարման համակարգ, որը եկել է փոխարինելու քրեաօլիգարխիկ կառավարման համակարգին։ Դրանց տարբերությունն այն է, որ մինչ այս կառավարման համակարգը սպասարկում էր քրեաօլիգարխիայի շահերը, 2018-ից հետո սպասարկում է գլխավոր անձի՝ վարչապետի շահերը։ Սա անձնիշխան համակարգ է, որը կառավարվում է ավտորիտար կառավարման սկզբունքով, այսինքն մեկ մարդ ինչ որոշում է, հիմնականում դրանք անցնում են։ Բնականաբար այս համակարգն այնպիսին է իր էությամբ, որ չի հանդուրժում այլընտրանք։ Լինի դա ինչ-որ դատական մարմին ինչպիսին ՍԴ-ն էր, մենք տեսանք, որ անկախ ՍԴ-ն վերացվել է եւ ինչ-որ ենթակա ՍԴ է փորձ արվում ստեղծել, լինի դա ինչ-որ հասարակական մի կազմակերպություն, անգամ զրոյական հեղինակություն ունեցող ինչ-որ մարմին՝ Հանրային խորհուրդը, դրա ղեկավարը փոխվեց: Քաղաքական հզոր ուժ, ինչպիսին ԲՀԿ-ն է, բնականաբար պետք է ձգտեն, որ փոխվի ղեկավար կազմը, որպեսզի այն վերածվի ՔՊ-ին ենթակա ինչ-որ կառույցի։ Բնականաբար, բոլոր այն կառույցները, որոնք չեն ենթարկվում, քայլեր են կատարվում այդ կառույցները վերացնելու։ Ահա, ԲՀԿ-ն՝ որպես ինքնուրույն լուրջ կառույց վերացնելու գործընթաց է նրանց առաջնորդի կալանավորումը։ Սա ռազմավարական խնդիր է, տակտիկական խնդիրը, այո, հասցնել շուտ անել մինչեւ հոկտեմբերի 8-ի հանրահավաքը, իրենց թվում է, թե եթե հանրահավաքը չեղավ, ամեն ինչ երջանիկ կլինի Հայաստանում։ Ռազմավարական խնդիր է նաեւ ԲՀԿ-ի՝ որպես այլընտրանքային ուժ, չեզոքացումը»,-ասաց նա։

ԲՀԿ առաջնորդի կալանավորման մեջ քաղտեխնոլոգը նաեւ տեսնում է աշխարհաքաղաքական հարց:

«Չմոռանանք, որ ԲՀԿ-ն այն քաղաքական ուժն է, որը ռուսական Единая Россия կուսակցության հետ բավական դրական հարաբերություններ ուներ, եւ կալանավորելով այս կառույցի ղեկավարին՝ փաստացի խափանվում է Единая Россия-ի հայաստանյան քույր կուսակցության գործունեությունը, իսկ այս իշխանությունը, մենք տեսնում ենք՝ վերեւից խոսում են հայ-ռուսական լավ հարաբերությունների մասին, բայց տակից քայլեր են ձեռնարկում հարաբերությունների մեջ խաղեր տալու համար։ Այսինքն սա նաեւ մեսիջ է Ռուսաստանին, որ եթե դու հարաբերությունները չլավացնես, ռուսական գործոնները այստեղ կչեզոքացնենք, որովհետեւ գիտենք, որ մինչ այս փորձ էր կատարվում հարաբերությունները լավացնել Ռուսաստանի ղեկավարության հետ, ինչը մերժվել է, եւ հիմա վարչապետը նաեւ այս հարցն է լուծում»,-ասաց նա։

Արմեն Բադալյանի կարծիքով` Գագիկ Ծառուկյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է. «Նրան մեղադրում են ընտրական գործընթացերի մեջ խախտումներ թույլ տալու մեջ, բայց գերազանց գիտենք, թե մինչեւ 2018 թվականի իրադարձությունները ովքեր են ավելի շատ ընտրակաշառք բաժանել, ԲՀԿ-ն՞, թե՞ մեկ այլ կուսակցություն։ Բայց այդ մեկ այլ կուսակցության ղեկավարությանը կարծես թե նման հարցերով ոչ մի բան տեղի չէր ունենում։ Ու հանկարծ իշխանությունը չասի, թե իրենք չեն խառնվում դատական համակարգին եւ դատական համակարգը անկախ ինքն է որոշում՝ ում դեմ պայքարել, ում դեմ չպայքարել, ում կալանավորել այս հարցով, ում` չէ։ Եթե մի հանցագործություն կատարել է մի քանի ուժ եւ մեկն է կալանավորվում, ուրեմն սա քաղաքական գործընթաց է։ Իհարկե, խոսքը գնում է ենթադրյալ հանցագործության մասին»։

Քաղտեխնոլոգի կարծիքով` ԲՀԿ առաջնորդի չեզոքացումը չի կասեցնի հանրահավաքը, եւ այն տեղի կունենա, եթե մինչ այդ այլ խոքչընդոտող հանգամանք չառաջանա: