Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն իր կայքում տեղադրել է ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում երկրի 440 խոշորագույն հարկատուների դիտարկման արդյունքները, որոնց դինամիկան բավական հուսադրող է: Ապրանքների իրացումից եւ ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը կազմել է 208,1 միլիարդ դրամ, ինչը 16,1 տոկոսով ավելի է, քան անցած տարվա մարտ ամսին:

Ընդ որում, 208 կազմակերպությունների եկամուտը իրացումից կրճատվել է 21,7 միլիարդ դրամով, իսկ 222-ի եկամուտներն ավելացել են 52,3 միլիարդ դրամով: Աճը որոշակիորեն պայմանավորված է գների զգալի բարձրացումով: Մարտ ամսին սպառողական գների ինդեքսի աճը կազմել է 11,5 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսինը` 14,7 տոկոս: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանի արդյունաբերությունում արտադրանքի ֆիզիկական ծավալն աճել է 5,9 տոկոսով:

Իսկ ներմուծման ցուցանիշով խոշորագույն հարկատուներն անկում են ունեցել: Ապրանքի ներկումուծումը կրճատվել է 13,2 տոկոսով եւ կազմել է 67,8 միլիարդ դրամ: Այս անկումը չի կարելի է միանշանակ համարել բացասական երեւույթ, եթե դրա պատճառը հայրենական արդյունաբերության ներմուծումը փոխարինող ճյուղերի զարգացումն է: Սակայն այդ ոլորտներում զգալի աճ չի նկատվել:

Միեւնույն ժամանակ, 16,9 տոկոսով աճել է խոշորագույն հարկատուների ապրանքների արտահանումը: Իսկ ընդհանուր առմամբ` Հայաստանի արտահանումն աճել է 28,2 տոկոսով: Ճիշտ է` խոշորագույնների հարաբերական ցուցանիշները հաշվարկվել են ազգային արժույթով բացարձակ թվերի հիման վրա, իսկ երկրի ընդհանուր արտահանումը` ԱՄՆ դոլարով: Բայց աճի տեմպի հարաբերական ցուցանիշների վրա այդ տարբերությունը զգալի ազդեցություն չի կարող ունենալ:

Մարտ ամսին խոշորագույն հարկատուները վճարել են 20,3 միլիարդ դրամ հարկ` պետական բյուջեի բոլոր հարկային եկամուտների 60,1 տոկոսը: Նկատենք, որ Հայաստանում գրեթե 150 հազար հարկատու կա:

Խոշորագույն հարկատուների գերավճարը ապրիլի 1-ի դրությամբ հասել է 92,9 միլիարդ դրամի, այդ թվում 51,5 միլիարդ դրամ ԱԱՀ:

Մարտ ամսին հարկատուներին գերավճարած գումարից վերադարձվել է 1,9 միլիարդ դրամ, այդ թվում 1,8 միլիարդ դրամ ԱԱՀ: Բոլոր այս ցուցանիշների համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ հարկահավաքության ընթացիկ հաջողությունները որոշակիորեն կապված են հարկատուներից ավելի մեծ գումարներ պահելու հետ:

Աշխատանքի թափանցիկության ապահովելուն ուղղված ՊԵԿ-ի ջանքերն արժանի են գովեստի, սակայն շարքային օգտվողների համար ներկայացված ձեւակերպումները մատչելի չեն: Օրինակ` խոշորագույն հարկատուների ցուցանիշների աղյուսակում մաքսատանը ընկերության վճարած հարկը նշված է «վճարված մաքսատուրքի» տակ: Դա կարող է շատերին մոլորեցնել:

Բացի այդ, ցանկալի է, որ դիտարկման տակ ընկած խոշորագույն հարկատուների առանձին ցուցակ լինի, քանի որ հերթականությունը չի համընկնում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակի հետ: Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում 440 խոշորագույնների տեղերը կարող են փոխվել եւ առանձին ընկերություններ կարող են նահանջել 1000 խոշորագույնների ցուցակի 440-րդ տեղից, եւ դա բարդացնում է երկու ցուցակների համեմատությունը:

Ցավոք, պատշաճ մակարդակի վրա չէ կազմակերպած նաեւ գերատեսչության մամուլի ծառայության աշխատանքը: Պարզաբանում տալու փոխարեն ծառայության աշխատակիցներն ասում են, որ հրապարակած տեղեկությունից ավելի որեւէ բան ասել չեն կարող: Կարելի է կարծել, թե դիտարկման մեջ ներառած ընկերությունների քանակը պետական գաղտնիք է: Լավ է, որ գերատեսչության մյուս փաստաթղթում այդ թիվը նշված էր:  

Ալբերտ Խաչատրյան