Վերջին շրջանում հայաստանյան որոշ ընկերությունների գովազդային քայլերը կարծես կոտրում են այն կարծրատիպը, որ Հայաստանում ներկայացված ոչ բոլոր ապրանքներն են «էլիտարների» ու «ընտրյալների» համար: Պատճառներից մեկը, թերեւս, շուկայում ստեղծված հետճգնաժամային ծանր պայմաններն են, որի արդյունքում «էլիտարների» մի զգալի մասը կորցրեց «տիտղոսը», իսկ գործարարները սկսեցին հասկանալ, որ հայաստանյան միջին սպառողին նաեւ դժվար է գրավել, քանի որ շքեղ ապակեպատ սրահներում, գեղեցիկ լուսավորված ապրանքները, որքան էլ որ դրանք լավն ու մատչելի են, սովորական սպառողի համար անհասանելի են թվում, որովհետեւ տարիներ շարունակ, նման ձեւով գովազդվող ապրանքները ներկայացվել են, որպես «էլիտար», այսինքն` անհասանելի սովորական մահկանացուի համա

Հայաստանյան գովազդի մասնագետները փաստորեն արդյունավետ ու հաջողված հակագովազդային արշավ են իրականացրել, եւ այժմ արդեն գործարարներն են ուղիներ որոնում «էլիտար» ու «աննախադեպ» «պիտակները» մաքրելու ապրանքների վրայից: Պարզ է, որ արեւելյան շուկայի լավագույն ավանդույթներով գործող այսօրվա տոնավաճառներն ու շուկաները այլ տեսք ու հարմարավետություն կունենային, եթե հարմարավետ, քաղաքակիրթ ու գեղեցիկ սրահներում վաճառվող ապրանքների նշանակությունը գովազդում «վիփ» մարդկանց համար չներկայացվեր: Այլ տեսք կունենար նաեւ ավտոշուկան ու մեքենաների առեւտուրը շատ ավելի քաղաքակիրթ պայմաններում կկազմակերպվեր: «Suzuki-ի հայաստանյան ներկայացուցչությունում քաջ գիտակցում ենք, որ պոտենցիալ հաճախորդների զգալի մասը ավտոսրահ չի ցանկանում այցելել, որովհետեւ միջին հնարավորության տեր սպառողի մոտ բարդույթ կա, որ ավտոսրահում մեքենան պետք է թանկ լինի, եւ այդ սխալ համոզմունքի պատճառներից մեկն էլ այն է, որ ընդհանուր պատկեր է ստեղծվել, թե գեղեցիկ սրահներում, ամբողջը հարուստ ու էլիտար մարդկանց համար է:

Սպառողին մեղադրել պետք չէ: Պետք է քայլեր ձեռնարկել, որ նա իր կարծիքը փոխի: Այդ պատճառով մենք Suzuki Swift նոր մոդելը մի քանի օր շարունակ ներկայացրինք նաեւ Մոսկվա կինոթատրոնի հարակից հատվածում` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռոյալ Մոթորս» ընկերության վաճառքի գծով տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը: Ըստ նրա` այս հարցում ընկերության քաղաքականությունն ուղղված էր սպառողների կարծրատիպերը կոտրելուն: «Պարզ ասած, մենք դուրս եկանք սպառողին ընդառաջ: Երեք օր շարունակ ցանկացած անցորդ կարող էր ծանոթնալ մեքենային, եթե ցանկանում էր` վարել: Գնելու հնարավորություն էլ էր ստեղծված, բայց առաջին հերթին, ցանկանում էինք հասկացնել, որ մեքենան անհասանելի չէ, մատչելի է, եւ սրահում էլ, նույն մեքենան է ներկայացված, ու նույն պայմաններով»,- ասաց Հովսեփյանը` ընդգծելով, որ իրականացրած ակցիայից հետո, բավականին ակտիվացել է մեքենայով հետաքրքրվողների այցելությունները ավտոսրահ:

«Ավտոսրահը գեղեցիկ ու լուսավոր է, ոչ թե, որ ներկայացվածը անհասանելի թվա, այլ որ ծառայի հաճախորդի հարմարավետությանը, հույս ունենք, որ հաճախորդների մոտ սխալ տպավորությունը շուտով կվերանա»,- նշեց Հովսեփյանը: