Հակազդեցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ բնակվում են էթնիկ հայեր, 30 տարվա մեջ առաջին անգամ ստացավ բացահայտ մարտական բախումների բնույթ: Հակամարտությունը նոր ուժող բռնկվեց սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը ռազմական մասշտաբային գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, գրում է DW-ը:
Պարբերականը նշում է, որ Թուրքիան արդեն վաղուց այդ հակամարտության մեջ աջակցում է Ադրբեջանին: Հայկական կողմի հաղորդագրությունների համաձայն՝ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայում եւ տեղափոխում է նրանց Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին:
Ադրբեջանի իշխանություններն այդ մեղադրանքները հերքում են: Ռուսաստանն, իր հերթին հայտարարում է, որ ապացույցներ ունի ԼՂ-ում զինված հակամարտությանը Սիրիայից եւ Լիբիայից գրոհայինների մասնակցության մասին:
Սիրիացի վարձկանները Լիբիայում
Առաջին անգամը չէ, որ Անկարային մեղադրում են արտասահմանում իր շահերը պաշտպանելու համար սիրիացի վարձկանների ուղարկելու համար:
2020 թվականի սկզբին հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ Թուրքիան սիրիացի վարձկանների է օգտագործել Լիբիայում Ազգային համաձայնության կառավարությանը ռազմական օգնություն տրամադրելու համար: Տարբեր գնահատականներով՝ Լիբիայում սիրիացի վարձկանների թիվը կարող է կազմել 3000-6000 մարդ:
«Վարձկաններից շատերը փորձառու զինյալներ են, որոնք մասնակցել են Հալեպում, Համայում եւ Իդլիբում մարտերին, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ մարտերին: Սիրիացի վարձականների օգտագործումը թույլ է տվել Ազգային համաձայնության կառավարությանը դադարեցնել հարձակումն ու աստիճանաբար ճնշել «Լիբիական ազգային բանակի» գեներալ Խալիֆա Խաֆթարին Սիրտում եւ Էլ Ջուֆրայում»,-ասում է Վաշինգտոնից անկախ հետազոտող Նոա Ագիլին:
Արտասահմանում Թուրքիայի շահերը
Թուրքիան առաջին տարին չէ, որ սիրիացի զինյալներին օգտագործում է որպես միջոց, որի օգնությամն կարող է հետապնդել իր աշխարհաքաղաքական շահերը՝ չօգտագործելով ազգային զինված ուժերը:
«Նրանք արդյունավետ միջոց են նպատակին հասնելու համար, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ապահովում են ռազմական ուժով, որից կարելի է հեշտությամբ ազատվել ռազմական գործողությունների ավարտից հետո»,-ասում է Ագիլին:
«Պետությունների միջեւ պատերազմներն ավելի հազվադեպ են տեղի ունենում, դրա փոխարեն հաճախակիացել են դաժան բախումները ոչ պետական խաղացողների միջեւ չվերահսկվող կամ վատ վերահսկվող տարածքներում»,-ասել է քաղաքական գործիչը DW-ի հետ զրույցում:
Ո՞վ է սիրիացիներից որպես վարձկան գրանցվում
Թե կոնկրետ ինչպե՞ս է Թուրքիան սիրիացի վարձկաններ հավաքագրում, անհայտ է, բայց, ըստ տարբեր աղբյուրների, նրանց մեջ կան սիրիական ընդդիմության նախկին մարտիկներ, գրոհայիններ եւ նույնիսկ փախստականներ:
2018-ին թուրքական ուժերը հավաքագրել էին սիրիական ընդդիմության անդամներին, ովքեր կռվում էին Սիրիական ազատ բանակի (FSA) դրոշի ներքո, եւ նրանց օգտագործում էին Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական արշավներում: Տեղեկություններ կային, որ գրոհայինների մի մասը ծայրահեղական խմբավորումների անդամներ են:
Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» ընդդիմադիր կազմակերպության տվյալների համաձայն` Թուրքիայի նորակոչիկ սիրիացի վարձկանների մեջ կան նաեւ նախկին մարտիկներ, ովքեր կռվել են «Իսլամական պետության» համար, եւ «Ալ-Քաիդա»-յի հետ կապված ջիհադիստական խմբավորումներ:
Սակայն ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի եռամսյակային զեկույցում, որը տրամադրվել է Հակաահաբեկչության գլխավոր տեսչության գրասենյակի կողմից 2020 թվականի հուլիսին, նշվում է, որ «ոչ մի հավաստի տեղեկություն չկա» հաստատելու, որ Թուրքիայի աջակցությամբ Լիբիայում կռված վարձկանները նախկինում կապված են եղել ահաբեկչական խմբավորումների հետ:
Վարձկանների դրդապատճառները ոչ թե գաղափարական, այլ ֆինանսական են
Պենտագոնի զեկույցում որպես շահառուների հիմնական դրդապատճառ նշվում է ֆինանսական շահը: «Վարձկանները, ամենայն հավանականությամբ, կռվում են Լիբիայում անձնական եւ ֆինանսական պատճառներով եւ ոչ թե` գաղափարական կամ քաղաքական»,- նշվում է զեկույցում` վկայակոչելով Միացյալ Նահանգների Զինված ուժերի` Աֆրիկայում օպերացիաների մարտական հրամանատարության (USAFRICOM) հետախուզական տվյալները:
ՄԱԿ-ի նախկին փորձագետ Քրիստիան Բրաքելը, որը ղեկավարում է գերմանական Հենրիխ Բյոլի հիմնադրամի ստամբուլյան մասնաճյուղը, համաձայն է ամերիկացիների եզրակացությունների հետ: «Ունենալով մինչեւ 2000 դոլար վաստակելու հնարավորություն` զարմանալի չէ, որ շատ սիրիացիներ պատրաստ են զբաղվել այդ աշխատանքներով»,- ասում է նա:
Չնայած սիրիացիների` Թուրքիայի շահերից կռվելու անթիվ պատճառներին` նրանցից ոմանց հավաքագրման պատմությունները տարբերվում են զինյալների եւ ընդդիմության մարտիկների հավաքագրման սովորական պրակտիկայից: Գերմանիայում բնակվող սիրիացի ակտիվիստ Խալեդ Ռավասը DW-ին պատմել է, որ երբեմն վարձկաններին հավաքագրում են նույնիսկ Թուրքիայի փախստականների ճամբարներում:
«Հավաքագրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ թուրք պաշտոնյաներն այցելում են սիրիացի փախստականների ճամբարներ»,- պատմել է Ռավասը` վկայակոչելով աղբյուրները տարածաշրջանում: «Այդ միջնորդները սովորաբար նկարագրում են աշխատանքը որպես կենսական նշանակության ակտիվների պահպանում: Նորակոչիկները չեն էլ կասկածում, թե ինչ է իրենց սպասում առաջնագծում»:




























