Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 27-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ:
Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ու աշխատակիցները երկրի ղեկավարին ներկայացրել են ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:
Սերժ Սարգսյանն իր խոսում ասել է.
«Այս ձեւաչափով այսպիսի հանդիպում ես նախաձեռնել եմ, որպեսզի միասին ամփոփենք, թե պետեկամուտների կոմիտեի աշխատանքներում նախատեսվող փոփոխությունների մեր նպատակադրումներում որտե՞ղ ենք հասել, որո՞նք են մեր հաջորդ քայլերը եւ ի՞նչ խնդիրներ ունենք այս փուլում լուծելու, որպեսզի փոփոխությունների ընթացքն արագացնենք:
Ազգային անվտանգության խորհրդի նիստում հարկային եւ մաքսային համակարգերի բարեփոխումների ծրագիրն առաջիկա երեք տարիների համար ընդունելուց հետո հանձնարարվել էր, որպեսզի պետեկամուտների կոմիտեն գործողությունների մանրակրկիտ ծրագիր եւ ժամանակացույց մշակի: Քանի դեռ այդ մանրակրկիտ ծրագիրը չի ամփոփվել, ես առաջարկում եմ այսօր դիտարկենք այդ ծրագրի հիմնական ուղղությունները, դրանց իրականացման առկա հնարավորությունները եւ պահանջվող ռեսուրսները: Ես շեշտում եմ նաեւ պահանջվող ռեսուրսները, որովհետեւ եւ՛ Ազգային անվտանգության խորհրդի նիստում, եւ՛ ընդհանրապես վերջին ժամանակներում մեզ մոտ շատ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ մենք համարում ենք, որ նաեւ այս ոլորտում մենք պետք է կարողանանք լուրջ ներդրումներ կատարել, որպեսզի ակնկալիքներն էլ լուրջ լինեն:
Միեւնույն ժամանակ, առաջարկում եմ նաեւ քննարկել բյուջետային մուտքերի ապահովման ընթացքն ու հնարավոր զարգացումները, որպեսզի կարողանանք հասկանալ փոփոխությունների ընթացքի ազդեցությունը եկամուտների կատարողականի վրա: Ձեր առջեւ իսկապես բավականին դժվար խնդիր է դրված. դուք ոչ միայն պետք է կարողանաք արագ բարեփոխումների շնորհիվ հնարավորինս թեթեւացնել վարչարարության բեռը մեր գործարարների համար, բիզնեսի համար, այլեւ այդ ընթացքում պետք է կարողանաք ապահովել պատշաճ հարկահավաքություն: Ավելին ասեմ, մենք պիտի կարողանանք տարեցտարի ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը` հարկման դաշտ բերելով ավելի ու ավելի շատ հատվածներ ստվերից: Իսկ որ ստվեր գոյություն ունի եւ այդ ստվերն իր չափերով, ցավոք, մեր կողմից դժվար գնահատելի է, այստեղ, կարծում եմ, դուք որեւէ կասկած չունեք: Այս երկու հիմնական գերխնդիրների իրականացման միջեւ ինչ-որ տեղ իսկապես հակասություն կարող է լինել, բայց դուք պետք է կարողանաք երկուսն էլ ապահովել միաժամանակ: Նորից եմ կրկնում, մի կողմից թեթեւացնել վարչարարությունը, կատարելագործել այն, դարձնել մեր գործարարների համար առավել ընդունելի, մյուս կողմից՝ ավելացնել հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, այսինքն ավելի շատ հարկեր հավաքել: Այստեղ մենք այլընտրանք չունենք: Համակարգը պետք է կարողանա, անընդհատ ավելացնելով հարկերի հավաքելիության աստիճանը, միաժամանակ դառնա ավելի ու ավելի ընդունելի, ընկալելի, արդար, համահավասար, բեռ չդարձող ու հնարավորինս բարյացկամ տնտեսավարող սուբյեկտների համար: Իրոք, դժվար խնդիր է, շատ դժվար խնդիր է, բայց, համոզված եմ, իրականանալի:
Դա անելու համար ես ինքս եմ պատրաստ անձամբ աջակցել ձեր ջանքերին, եւ ինչպես գիտեք, մեր վերջին համատեղ հանդիպումները տնտեսավարող խոշոր սուբյեկտների հետ հենց այդ նպատակն ունեին: Մենք ցանկանում ենք ստեղծել համագործակցության նոր մթնոլորտ, եւ, իհարկե, նման հանդիպումները մենք շարունակելու ենք:
Ի վերջո, մենք պետք է կարողանանք փոխել ՊԵԿ-ի նկատմամբ վերաբերմունքը, մենք պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային, մաքսային մարմինների նկատմամբ: Պետք է կարողանանք փոխել վերաբերմունքը հարկային եւ մաքսային աշխատողների նկատմամբ: Սա մեզ համար գերխնդիր է, եւ այս խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել: Միեւնույն ժամանակ մենք պետք է փոխենք ՊԵԿ-ին ներկայացվող պահանջները: Սա էլ է միանշանակ: Մեր նպատակադրումը շատ հստակ է. մենք պետք է առաջին հերթին փոխենք հարկային եւ մաքսային մարմինների ընկալումը հասարակության եւ գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից վերածելով այն հարկ վճարողների սպասարկման` ժամանակակից ծառայություններ մատուցող եւ վերահսկողություն իրականացնող մարմնի:
Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչության գործունեության տրամաբանությունը, այլեւ տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ եւ արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միեւնույն ժամանակ նաեւ հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային եւ մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում եւ, ամենակարեւորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների եւ արդարության ապահովման հարցերում: Սա երեւի թե ամենակարեւոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում:
Այժմ ես պատրաստ եմ լսելու ձեր դիտարկումները, առաջարկությունները եւ, իհարկե, իրականացման քայլերի ընթացքի մասին տեղեկատվությունը»:
ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը ներկայացնելով իրենց կառույցի կատարած աշխատանքները, նշել է. «Մենք հիմնականում կրճատել ենք փաստաթղթաշրջանառությունը` հարկ վճարողների համար: Հաշվետվական համակարգն ենք փոխել, այն դարձնելով ավելի պարզ` ավելի քիչ թվով հաշվետվություններ բիզնեսի համար, ավելի լավ կառավարելի վիճակ: Տնտեսավարող սուբյեկտների համար մենք ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծել ենք՝ այն դարձնելով ավտոմատ համակարգ: Կանխել ենք գերավճարների նախկինում գործող արատավոր պրակտիկան եւ բիզնեսի գրանցման, հաշվառման համար մեկ պատուհանի սկզբունքն ենք ներմուծել հանրապետություն:
Մեզ համար շատ կարեւոր է հարկային տեսչությունների կառուցվածքի օպտիմալացումը, որը նպաստելու է աշխատանքների կառավարմանը: Այս միջոցառումներից բացի, օրենսդրական շատ փոփոխություններ են կատարվել, որոնք նպաստել են այդ գործընթացներին: Դրանք հիմնականում վերաբերում են ֆինանսական հաշվետվություներին: Մենք շատ հարկային հաշվետվություններ, որոնց անհրաժեշտությունը չկա` կրճատել ենք: Բոլոր հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ենք միասնական ժամկետ՝ այն դարձնելով եռամսյակային՝ նախկին ամեն ամսվա, ամսվա ընթացքում նույնիսկ տարբեր օրերի փոխարեն»:




























