Երեխաների միջազգային օրը` հունիսի 1-ին «Ունիսոն» ՀԿ-ում տեղի կունենա հետաքրքիր միջոցառում. ամփոփվելու են նախապես հայտարարված հաշմանդամության թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները:

Կազմակերպությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին, որը մեկնարկել էր մարտին, մասնակցել են Երեւանի մի շարք դպրոցների ավագ դասարանների աշակերտներ: Այն անցկացվում է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության հետ համատեղ` «Հաշմանդամների կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագրի շրջանակներում:

Աշակերտներին առաջարկվել էր գրել շարադրություն հաշմանդամների հասարակական կյանքում ինտեգրման հետ կապված հարցերի վերաբերյալ: Առաջարկվել էին հետեւյալ թեմաները` «Որտե՞ղ պետք է սովորի հաշմանդամ երեխան` սովորակա՞ն, թե՞ հատուկ դպրոցում», «Ընկերս հաշմանդամություն ունի», «Ի՞նչ է խտրականությունը, եւ ինչպե՞ս պայքարել դրա դեմ», «Խնամե՞լ, օգնե՞լ, թե՞ բացահայտել անձի թաքնված ներուժը»:

Վերջին փուլ է անցել 15 շարադրություն: Աշխատանքների հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ պատվոգրերով:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 1-ին, ժամը  13.00-ին: