Էրոտիկ կամ պոռնո կայքեր այցելելն ու սեռական ֆանտազիան զարգացնելը, պարզվում է, դատապարտելի ու ամոթալի արարք է հայաստանյան քաղաքական գործիչներից շատերի համար: Դա են վկայում այն բուռն արձագանքները, որոնք ցուցաբերվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին խորհրդականի վարքագիծը մեկնաբանելիս, ով հանդգնել էր ԵՄ-Հայաստան շրջանակներում անցկացված խորհրդաժողովի «թարս վախտ» պոռնո կայք այցելել:

Արդարադատության նախարարն ու վարչապետը նախարարի խորհրդականի քայլը որակեցին որպես «էթիկայի կանոնների խախտում», ընդհուպ` չբացառեցին նրան պատժի ենթարկելը:  Իսկ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը առաջ անցնելով բոլորից, նախարարի խորհրդականի քայլը գնահատեց ամենախիստ էպիտետով` անբարոյականություն, մարդկանց տեսակավորելով նողկալիների եւ առաքինիների:

Ինչեւէ, փոթորկահույզ այս արձագանքներն առիթ դարձան հետաքրքրվելու, թե արդյոք անբարոյականություն ու կրիմինալ պարունակող երեւո՞ւյթ է պոռնո կայքեր այցելելը: Երեւանի պետական բժշկական համալսարանի սեռաբանական ամբիոնի դասախոս, սեռաբան Վրեժ Շահրամանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վերը նշված դեպքի շուրջ բարձրացված  աղմուկը համեմատեց «լուն ուղտ դարձնելու հետ»` ասելով.  «Այստեղ որեւէ դատապարտելի բան չկա: Մարդուն հետաքրքիր է` նայում է: Միակ խնդիրն այն է, որ այդ մարդը պատեհ ժամանակ չի ընտրել»:

Շահրամանյանի խոսքով, նման կայքեր այցելելը ամենեւին էլ անձի լպրիշ լինելու մասին չի վկայում եւ բնավ էլ պաթոլոգիա չէ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: «Եթե անձն իր բնական սեռական կյանքը փոխարինում է վիրտուալ կյանքով, եւ ինքը հիմնականում գրգռվում է էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող կայքերից, ամսագրերից, ապա մտահոգվելու առիթ կա: Բայց եթե նման կայքեր այցելելով անձը նպատակ ունի որոշակի խայտաբղետություն, յուրահատկություններ մտցնել իր սեռական կյանքում, եւ դա ընդամենը ուղեկցում է իր սեռական կյանքին, դա նորմալ երեւույթ է. անձի նախասիրությունն է ընտրել  սեռական գրգռման այդ տարբերակը»:

Հետաքրքիր էր իմանալ նաեւ, թե ի՞նչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում ու հոգեկան աշխարհում, երբ նա այցելում է նման կայքեր: Ըստ սեռաբանի` գրգռման ազդակի ազդեցությամբ տեղի է ունում որոշակի հորմոնների, կենսաբանական ակտիվ նյութերի արտանետում արյան մեջ, որոնք արտահայտվում են ռեակցիայով. փոխվում է մարդու վարքը, բարձրանում է նրա տրամադրությունը, լարվածությունը թուլանում է եւ մարդն իրեն ֆիզիկապես եւ հոգեբանորեն ավելի լավ է զգում: «Այլ հարց է, որ մարդն ամբողջությամբ հրաժարվի բնական սեռական կյանքից եւ տարիներ շարունակ գրգռվի միմիան պոռնոֆիլմեր ու նման բովանդակություն ունեցող կայքեր այցելելով: Դա իսկապես կդիտարկվի որպես պաթոլոգիա»,-նկատեց NEWS.am-ի զրուցակիցը:

Նրա խոսքով` պոռնո եւ էրոտիկ ուղղվածության կայքերը նույնիսկ կարող են սեռական պասիվության տարիքում խթան հանդիսանալ եւ ակտիվացնել մարդու սեռական կյանքը: 

Ի դեպ, երբ NEWS.am-ը փորձեց հայ քաղաքական գործիչների շրջանում մոնիտորիգ անցկացնել` պարզելու, թե բացի ժամանցային կայքերից եւ մեծ տարածում գտած` օdnoklassniki-ից եւ facebook-ից է՞լ ինչ կայքեր են այցելում, հետաքրքիր պատկեր բացահայտվեց: Կայքերի թվում նրանք նշեցին մի քանի լրատվական կայքեր, ինչպես նաեւ wikipedia-ն: Իսկ երբ հարցրինք, թե ինչ հաճախականությամբ են այցելում էրոտիկ կամ պոռնո կայքեր, նրանք հանկարծակիի գալով հարցը «ոչ կոռեկտ» որակեցին, ապա պնդեցին, թե նման կայքեր չեն այցելում, քանի որ «էդ տարիքից արդեն դուրս են եկել»: Թե ո՞ր տարիքը նրանք նկատի ունեին, որպես  պոռնո կամ էրոտիկ կայքեր այցելելու ամենաճիշտ ու հարմար տարիք, այդպես էլ պարզ չդարձավ: Առանց մեկնաբանելու նրանց պատասխանի անկեղծության աստիճանը` ներկայացնենք ընդամենը մեկ տվյալ. Google-ի վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը: Ցուցանիշն ամենաբարձրն է Google Trends-ում: 

Պատրաստեց Ելենա Գեւորգյանը