Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը չի հերքում, որ արգելել է «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Միքայել Դանիելյանին մոնիտորինգ անցնացնելու համար այցելել ՔԿՀ-ներ: Դանիելյանը երեկ` մայիսի 26-ին տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, որ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակը մերժել է իրենց դիտորդներին այցելել ՔԿՀ-ներ, եւ վկայակոչելով իր տեղեկությունները նշեց, որ այդ արգելանքը գործելու է մինչեւ սեպտեմբեր:
Արսեն Բաբայանը NEWS.am-ին հայտնեց մերժման պատճառները: Ըստ այդմ` 2010 թվականին Դանիելյանի ղեկավարած կազմակերպությունն այցելել ու մոնիտորինգ է անցկացրել ՔԿՀ-ներում, սակայն դրանից առաջ նրան առաջարկ է արվել մոնիտորինգի արդյունքները ներկայացնել նախարարությանը: «Դանիելյանը թեեւ չի առարկել, բայց եւ չի կատարել իրեն արված առաջարկը: Դրա արդյունքում իրենք իրենց մոնիտորինգի արդյունքում տարածել են ակնհայտ կեղծ ու խեղաթյուրված տեղեկություններ` առանց դրանց վերաբերյալ որեւէ մասանգիտական մեկնաբանության: Այդ պատճառով մենք գտել ենք աննպատակահարմար` իրենց եւս մեկ անգամ թույլ տալ իրականացնել մոնիտորինգ»,-հայտարարեց Բաբայանը:
Նա միաժամանակ նշեց, թե «այնպես չէր, որ Դանիելյանը պարտավորված էր դա անել, բայց չի արել, պարզապես մոնիտորինգն իր նպատակին ծառայեցնելու համար պիտի ճիշտ կատարեր մոնիտորինգի ամբողջ գործառույթը»:
ՔԿՀ մամուլի խոսնակի խոսքով` ՔԿՀ-ներում եւ «Հելսինկյան ասոցիացիայի» հրապարակած մոնիտորինգի արդյունքներում ներկայացված իրավիճակը բոլորովին այլ են: Ինչ վերաբերում է այլ` ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող կազմակերպություններին, ապա դրանք, Բաբայանի հավաստմամբ, կարող են համապատասխան թույլտվության պարագայում մտնել ՔԿՀ-ներ, քանի որ դա համապատասխան օրենքի պահանջն է: Բաբայանի խոսքից հետեւում է, որ օրենքը չի տարածվում միայն «Հելսինկյան ասոցիացիայի» նկատմամբ:
Նշենք, որ փետրվարի վերջերին «Հելսինկյան ասոցիացիան» հրապարակեց հայաստանյան ՔԿՀ-ներում անցկացված մոնիտորինգի արդյունքները, ըստ որոնց` ՔԿՀ-ներում տիրում են անմարդկային պայմաններ, խախտվում են դատապարտյալների իրավունքները եւ կոռուպցիայի մեծ ռիսկեր կան:




























