Երեւանում մայիսի 30-ին եւ 31-ին անցկացվելու են «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթի մրցանակակիր երեխաների մրցանակաբաշխությունները:

Մրցանակաբաշխություններին ներկա կլինեն պաշտոնատար անձինք ԿԳՆ-ից, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունից եւ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, «Կենգուրու» ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը:

Ընդհանուր թվով մոտ 1140 աշակերտի շնորհվել են մրցանակներ, պատվոգրեր: Հիշեցնենք, այս տարի «Կենգուրու»-ին մասնակցել են 36 672 աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերի 912 եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր 13 դպրոցներից: Այս տարվա մրցույթի մասնակից դպրոցների թիվը կրկին ավելացել է, Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների ավելի քան 75%-ը մասնակցեց «Կենգուրու» կոչվող մանկական շարժմանը:

«Կենգուրու 2011»-ի հաղթող է ճանաչվել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի    4-րդ դասարանի աշակերտուհի Արաքսի Գասպարյանը: Նա ստացել է արժեքավոր մրցանակ, քանի որ կարգի համաձայն, Եվրոպական ճամբար կարող են գնալ միայն 12 տարին լրացած հաղթողները: Լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների թիվը գրեթե կրկնակի ավելացել է` կազմելով 308:

Բոլոր 36672 աշակերտները, անկախ վաստակած միավորներից, ստացել են մասնակցության հավաստագրեր: Մասնակցության հավաստագրեր ստացել են նաեւ բոլոր մասնակից 925 դպրոցները: Այս տարի «Այբ»-ը կրկին սահմանեց լրացուցիչ խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնցում չկային «լավագույն»-ի շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ամեն մի դպրոց ունի առնվազն մեկ մրցանակակիր: