«Նոր ժամանակներ» կուսակցությունը իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին:
ՆԺԿ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մամուլում տեղ գտած «Ժառանգություն» խմբակցության հայտարարությունը եւ ահազանգը կալանքի մեջ գտնվող Տիգրան Փոստանջյանի հացադուլի եւ առողջական լուրջ խնդիրների վերաբերյալ եւս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանում իսպառ բացակայում է արդարադատության հիմնարար սկզբունքներից մեկի` օրենքի գերակայության կիրառման հավասար պայմանները բոլոր քաղաքացիների համար, հատկապես, երբ նրա նկատմամբ առաջադրված քրեական մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխության արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել:
Վարչախմբի նման գործելաոճին քաջածանոթ լինելով, ՆԺԿ-ն գտնում է, որ օրվա իշխանավորների թողտվությամբ հաշվեհարդար է իրականացվում ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ, նրան ապօրինի պահելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ անթույլատրելի է համարում, երբ կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրության հոդված 22-ի 5-րդ մասի պահանջն առ այն, որ արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
Ելնելով վերոգրյալից ՆԺԿ-ն հայտարարում է.
Իշխանությունները պարտավոր են հարգել իրենց իսկ կողմից ընդունված իրավական փաստաթղթերը (փոփոխությունը ՀՀ քր. Օր-ում եւ համաներման որոշումը) եւ անհապաղ ազատ արձակեն Տիգրան Փոստանջյանին»:
Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանին մեղադրում են այլ քաղաքացուց կաշառք վերցնելու մեջ, իսկ նրա պաշտպանները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդում է եւ ուղղված է Զարուհի Փոստանջյանին լռեցնելուն:




























