Գյումրիի Ղորղանյան փողոցի վերջնամասում բնակիչները դժգոհում են խմելու ջրի որակից: Նրանք օգտվում են արտեզյան ջրերից եւ, ըստ բնակիչների, եռացնելուց հետո էլ ջուրը խմելու համար պիտանի չէ:
«Հասկանում եք, մենք ցեխաջուր ենք խմում, եռացնելուց հետո, որ նստվածքը տեսնեք, կզարմանաք: Կզարմանաք, որ կարելի է խմել նման ջուր ու ապրել»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է Վեներա Ղաբանյանը: Ըստ նրա`վերջին մի քանի տարիներին նրանք անընդհատ հիվանդանոցում են:
«Երեխաները անընդհատ հիվանդանում են, բոլորս երիկամի հիվանդ ենք, աղիքային հիվանդություններով թաղից ամեն ամառ մի քանի երեխա տեղափոխվում է հիվանդանոց, որովհետեւ էս ջրի հարցը հայկական հարցի պես լուծում չի ստանում: 30 տարի այստեղ եմ, 30 տարի արտեզյան կեղտոտ ջուր ենք խմում»,-ասել է Վեներա Ղաբանյանը: Իսկ նրա հարեւանուհու` Վարսիկ Սողոյանի համոզմամբ, արտեզյան ջրերին նաեւ կոյուղաջրերն են խառնվում Գյումրի գետակի միջոցով:
«Զարմանում եմ իշխանության ու պատասխանատուների անտարբերության վրա, պատկերացնում եք մի ամբողջ թաղամաս ցեխաջուր, ճիճվաջուր է խմում»,- նշել է նա:
Նշենք որ թաղամասը սպասարկող Շիրակի ջրմուղ կոյուղուց բնակիչներին փոխանցել են, որ թաղամասը ընդգրկված է ծրագրում եւ շատ շուտով Ղորղանյան փողոցի այս հատվածում ջուր կսկսեն խմել ծորակներից:




























