Շիրակի մարզի Առափի գյուղը ոչ թե 30 տոկոսով, այլեւ ամբողջովին կարող է հայտնվել սողանքի տակ ու վերանալ: Այս կարծիքին է Գյումրիի Երկրաֆիզիկայի եւ սեյսմաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոլան Գասպարյանը: Նա գտնում է, որ Առափիի սողանքը առավել ակտիվ է եւ այսօր գործում է միայն մասամբ, իսկ եթե քայլեր չձեռնարկվեն, կարող է ամբողջ գյուղը հայտնվել սողաքի տակ ու ոչնչանալ:

«Պետք է ուսումնասիրություններ կատարել, հասկանում եք, կարող է պարզվի, որ այնտեղ որեէ դրենաժային համակարգի անհրաժեշտություն էլ չլինի: Սողաքը հիվանդության պես բան է, կանխելն ուրիշ բան է, արդեն գործող սողանքը կայունացնելն` ուրիշ: Արդեն շատ ուշ է: Կարող է ուսումնասիրենք ու պարզվի, որ գյուղը պետք է տարհանվի ու լրիվ նոր Առափի կառուցվի»,-ասել է Ռոլան Գասպարյանը:

Նա գտնում է, որ ուղղակի հանցագործություն է բնակիչներին, ովքեր շտապ տարհանման ենթակա են, թողնել տներում, քանի որ այդ տները ամեն պահի կարող են փլվել: «Ես զարմանում եմ իշխանությունների հանցավոր անտարբերության վրա: Հասկանում եք, տունը տեղից գնում է, էս մարդկանց ասում են` համբերեք: Մինչեւ ե՞րբ, մինչեւ որ մա՞րդ մահանա: Մեր իշխանությունները գործում են փրկարար կամ հրշեջ ջոկատների պես. երբ աղետ է լինում `շտապ վրա են հասնում, իսկ քանի ասում ենք այ մարդ աղետ է լինելու, ասում են սպասեք»:

Գիտաշխատողը նաեւ նշել է, որ ինքը պատրաստ է իր աշխատանքային ընկերների հետ ուսումնաիրություններ կատարել Առափիիում` «մատչելի ծրագրով», սակայն չեն ֆինանսավորում: Երկրաֆիզիկոսները դիմել են մարզպետարան, նրանց պատասխանել են, թե գումարներ չունեն, որպեսզի Առափիում ուսումնասիորւթյուններ կատարեն:

Նշենք, որ այս պահի դրությամբ, Առափիում սողանքի գոտում է բնակֆոնդի 30 տոկոսը: 120 ընտանիք ենթակա է տարհանման: Տարհանվող ընտանիքներին գյուղապետարանը առայժմ առաջարկում է միայն գյուղի դպրոցը, որը եւս սողանքային գոտում է: