Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ է, որովհետեւ աշխարհում չկա որեւիցե դեպք, երբ գերագույն հրամանատարը այսպիսի խայտառակ պարտությունից հետո հնարավորություն ունենա բանակցելու։ Այդ մասին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նշեց, որ իր խոսքում հաճախ էր ինքը շեշտում նաեւ Արցախի հարցի կարգավորման հարցը. «Ամեն ինչին տիրապետում ենք, քանի որ ամեն օր շփվում ենք, աշխատում ենք ժողովրդի հետ։ Որպես պատգամավոր, կուսակցության ղեկավար, իրականությանը տիրապետելով, ամեն տեղեկություն իմանալով, հունիսի 5-ին վերլուծելով սոցիալ-տնտեսական, քաղաքական վիճակը, համաճարակային վիճակը եւ Արցախի հարցը՝ ներկայացրել ենք մեր տեսակետը։ 4 ամիս մենք ասել ենք, որ այս 2,5 տարվա կատարած գործունեության ընթացքում պիտի ընդունեն իրենց ձախողումները։ Ձախողումների հիմնական պաճառը եղել է անփորձության, անունակության շնորհքը, տվյալ ոլորտին չեն տիրապետել։ Ես ասել եմ, որ իմ ասածի համար կարող եմ գրել ու ստորագրել։ Իմ ձերբակալման օրն ասել եմ՝ Ծառուկյանին ձերբակալելով Արցախի հարց չեք լուծելու»։

ԲՀԿ առաջնորդը նշեց, որ 4 ամսվա ընթացքում իր հայտարարությունները որեւէ կերպ չեն հերքվել։

«Գնում էին բանակցությունների, հարցնում էինք՝ ինչի՞ մասին եք բանակցել, ասում էին՝ մենք ենք որոշողը՝ ինչ ենք բանակցել, ժողովուրդը մեզ 90 տոկոս ձայն է տվել, մենք էլ որոշելու ենք։ 5 ժամ բանակցում էին, բանակցելուց հետո ասում էին՝ սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել. արել եք բա պատասխանն ո՞վ պետք է տա, ով որոշել է միաձայն, առանց քննարկելու ընդդիմության հետ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ, ժողովրդի հետ։ Այն ժամանակ ասում էին՝ ցանկացած հարց առանց ժողովրդի հետ քննարկելու բացառված է որեւիցե բան որոշել։ Հենց ոտները պնդեցին, ինչ ժողովուրդ, ինչ քննարկել, իրենք ամենագետներն են»։

Հարցին՝ ինչո՞ւ է ինքը կարծում, որ խնդիրները կլուծվեն, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Ծառուկյանն ասաց. «Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անհրաժեշտ է, որովհետեւ աշխարհում չկա որեւիցե դեպք, երբ գերագույն հրամանատարը այսպիսի խայտառակ պարտությունից հետո հնարավորություն ունենա բանակցելու։ Ո՞նց եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ բանակցում է, ինչի՞ շուրջ։ Նա պետք է վայրկյան շուտ հրաժարական տա, ամեն վայրկյանն աշխատում  ի վնաս մեզ այս խայտառակ պարտությունից հետո»։

Դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հրաժարական չտա եւ հարցին՝ ի՞նչ են անելու քաղաքական ուժերը, Ծառուկյանն ասաց. «Քաղաքական ուժերն իրենց տեսակետներն ու ծրագրերն են հայտնում, մնացած որոշողը ժողովուրդն է։ Ժողովուրդը ոնց ընտրել է Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ պիտի պահանջի նրա հրաժարականը։ Մենք չենք ասում պիտի արյունահեղություն լինի, ցիվիլ, ոնց որ կարգն է․ ժողովուրդն է՞ ընտրել, ժողովուրդն էլ պետք է իրա հրաժարականը պահանջի»։

Նա նշեց, որ հակառակ դեպքում այս վիճակում տնտեսությունը, պետությունը, ժողովրդի խնդիրները լուծելու համար որեւէ դրական քայլ անել հնարավոր չի լինելու։

«Ցանկանալը ուրիշ բան է, աթոռին կառչած լինելը ուրիշ։ Դա կարա կարճ տեւի, 10 օր, մի ամիս, ամիսուկես․ պետք է իրականությունը նայես, ծրագիրդ նայես, պաշարը նայես, քո զարգացումը նայես, ինչի՞ հիման վրա, ոչ մի հիմք չկա»,- ընդգծեց նա։