Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա Հայաստանի վարչապետի պաշտոնից, քանի որ նա եւ իր թիմը քաղաքական իմպոտենտ են: Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ մի որոշում չի կայացրել եռակողմ համաձայնագրի վերաբերյալ, քանի որ նրա փոխարեն այդ որոշումները կայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այսինքն՝ մենք ունեցել ենք տիկնիկ, որը հիմա էլ է ցանկանում շարունակել ղեկավարել երկիրը»,- նշեց Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ, նա նկատեց, որ հոկտեմբերի 10-ին, երբ ռուսական կողմից պաշտոնական Երեւանին ուղիղ ակնարկներ էին գալիս այն մասին, որ Ղարաբաղի տարածքում կռվում են օտարերկրյա զինյալներ եւ ահաբեկիչներ, դրանց թվի հստակ նշումով, Հայաստանի իշխանությունները, անհայտ պատճառներով, անտեսեցին այս բոլոր հաղորդագրությունները եւ ազդակները՝ դրանով իսկ ռուսական կողմին հնարավորություն չտալով անմիջական միջամտել հակամարտությանը: Օտարերկրյա գրոհայինների մասնակցության մասին, ինչպես նշեց Սարգսյանը, խոսել էին նաեւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը եւ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս ամենը նշանակում էր, որ Հայաստանը պարտավոր էր արձագանքել, դիմել նրանց, բայց արվեց բոլորովին հակառակը»,- նշեց Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ այս ամենը վկայում է դավադրության մասին:

Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները կա՛մ նախապես պլանավորել էին իրենց բոլոր քայլերը, կա՛մ հատուկ չէին ձեռնարկել ողբերգությունն ու պարտությունը կանխելու համապատասխան միջոցներ: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ երկիրը ղեկավարեն այս մակարդակով»,- ասաց քաղաքական գործիչը: Բացի այդ, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ եռակողմ հայտարարությունը ստորագրելիս Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի փորձել գոնե մեկ կետ վիճարկել: «Այս տղան նույնիսկ չի սակարկել, նույնիսկ չի փորձել ստորակետեր փոխել այս համաձայնագրում»,- տարակուսեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավարը: