Այս պահի դրությամբ ստեղծված իրավիճակում տարածաշրջանում Հայաստանի համար առաջացել է երեք սպառնալիք եւ երեք խնդիր, որոնք պետք է լուծել: Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքը վաղուց արդեն իրականություն է դարձել, եւ Հայաստանում պետք է պատրաստ լինեին դրա դեմ պայքարին: «Այս երկու պետությունները միավորվել են, եւ, համապատասխանաբար, մեր հասցեին դրանցից բխող սպառնալիքը աճում է»,- ասաց Մելքոնյանը: Երկրորդ սպառնալիքը, ինչպես նշեց թուրքագետը, թուրք-ադրբեջանական ոտնձգություններն ու դրանց ընդլայնումն են, որոնք դրսեւորվում են տարբեր ուղղություններով, այդ թվում` Հայաստանի հարավային սահմանին գտնվող Մեղրի քաղաքի դեմ: «Սա պանթուրանական ծրագրի հիմքն է:

Էրդողանը (Թուրքիայի Նախագահ - խմբ.), որն արդեն պատկերացնում է, թե ինչպես եւ որ ճանապարհը կանցնի Մեղրիով, ինչը ակնհայտորեն խոսում է նրանց ոտնձգությունների մասին եւ այն մասին, որ դրանք արդեն ծրագրված են»,- բացատրեց Մելքոնյանը: Փորձագետը նշեց նաեւ ֆինանսական եւ կրոնական սպառնալիքները՝ որպես օրինակ բերելով Դադիվանքում ուդի վանահայր նշանակելը: Երրորդ սպառնալիքը, ըստ Մելքոնյանի, կարող է ունենալ «դրական» փոփոխությունների տեսք: «Կա հռետորական հարց։ Թուրքիան կարող է հայտարարել Հայաստանի հետ սահմանները բացելու պատրաստակամության մասին: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը, եւ կա՞ արդյոք նման սպառնալիքը կանխելու ծրագիր»,- պարզաբանեց Մելքոնյանը:

Նա նաեւ նախանշեց երեք հիմնական խնդիր Հայաստանի իշխանությունների համար, որոնք պետք է լուծվեն մոտ ապագայում: Որպես դրանցից առաջին, նա նշեց իրատեսությունը՝ մասնավորապես բացատրելով, որ ծրագրերը պետք է կառուցվեն իրատեսական հիմքի վրա: Երկրորդը՝ վերլուծական եւ քաղաքական դաշտում տգիտության վերացումն է, քանի որ վերջին տարիներին դիլետանտիզմը ոչնչացրել է այդ համակարգերը` բերելով երկրի համար ծանր հետեւանքների: Որպես երրորդ քայլ, նա մատնանշեց նոր մարտահրավերները հաշվի առնելու անհրաժեշտությունը: