Ռուսաստանն ԱՄՆ-ի համար այնքան ուժեղ մրցակից չէ, որքան Չինաստանը: Այս հայտարարությունը Fox News-ի եթերում արել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը չի կարող այնպես մրցել, ինչպես Չինաստանը, աշխարհի ամենամեծ տնտեսության` Միացյալ Նահանգների հետ: Չինաստանն աշխարհում երկրորդ խոշոր տնտեսությունն ունի, իսկ Ռուսաստանը լավագույն տասնյակում չէ: Իտալիան, Բրազիլիան եւ Տեխաս նահանգն ավելի մեծ տնտեսություններ ունեն, քան Ռուսաստանը»,- ասել է Ռեթքլիֆը:

«Որքան էլ Ռուսաստանը վտանգավոր լինի, այն չի կարող մրցել մեզ հետ, ինչպես դա անում է Չինաստանը»,- հավելել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը, որը վերահսկում է ԱՄՆ բոլոր 16 հետախուզական գործակալությունների գործունեությունը: Նա կրկնել է իր տեսակետը, որ ՉԺՀ-ն ամենամեծ վտանգն է ներկայացնում Ամերիկայի գերակայության համար տնտեսության, ռազմական եւ տեխնոլոգիական ոլորտներում: «Չինաստանը իր նպատակին հասնելու համար բավականին սպեցիֆիկ պլան է նախապատրաստել, նրանք հասկացել են, որ տեղեկատվությունն աշխարհում գերակայության հասնելու բանալին է»,- իր միտքը պարզաբանել է Ռեթքլիֆը:

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն սեպտեմբերին Fox News-ին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ Չինաստանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, քան Ռուսաստանը: Նույն ամսում ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը CNN-ի եթերում ասել էր, որ Չինաստանն ավելի ակտիվ է, քան Ռուսաստանը, եթե խոսքն այս երկրներին վերագրվող ազդեցության մասին է ամերիկյան ընտրությունների վրա: