Երեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է կորոնավիրուսի դեմ պայքարի լույսի ներքո ԱՄՆ տնտեսության օգնության փաթեթի ընդունման հեռանկարների շուրջ սպասումների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,44 տոկոսով կամ 8,1 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1874,1 դոլարի: Երեքշաբթի ավելի վաղ սակարկությունների ժամանակ ցուցանիշն աճել էր մինչեւ 1875,95 դոլար, ինչը նոյեմբերի 23-ից այդ ցուցանիշի առավելագույն նիշն է: Ընդ որում՝ արծաթի մարտյան ֆյուչերսի գինն աճել է 0,21 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 24,843 դոլարի:
Ներդրողները շարունակում են հետեւել երկրում տնտեսական աջակցության փաթեթի շուրջ իրավիճակին: Երկու կուսակցությունների սենատորները նախորդ շաբաթ ներկայացրել էին ԱՄՆ տնտեսությանը 908 մլրդ դոլարի փաթեթի նախագիծ: «Ռեյթեր» գործակալությունը հայտնում է, որ ընթացիկ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում սպասվում է ժամանակավոր ֆինանսավորման մասին օրինագծի քվեարկությունը, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացվի COVID-19-ի դեմ պայքարի լույսի ներքո տնտեսության օգնության փաթեթի վերջնական համաձայնեցմանը հասնելու համար:
Ոսկին դիտարկվում է որպես ինֆլյացիայից պաշտպանության միջոց, որը կարող է առաջանալ տնտեսության աջակցության ավելի մեծ ծավալի փաթեթի տրամադրման հետեւանքով:




























