Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող բադերի ֆերմայում բարձր պաթոգենային H5N8 շտամի թռչնագրիպի բռնկում է գրանցվել: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը` վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը:
Այսպիսով, երկրում պաշտոնապես հաստատվել է բարձր պաթոգենային թռչնագրիպի այս տարվա առաջին բռնկումը, հայտնում է Reuters-ը: Այս տարվա նոյեմբերին Վերին Կորսիկա դեպարտամենտում ֆրանսիացի փորձագետները հայտնաբերել էին H5N8 թռչնագրիպի առաջին դեպքը երկրում: Արդյունքում որոշում էր կայացվել ոչնչացնել պահվող բոլոր հավերին: Ինչպես նշել էր երկրի գյուղատնտեսության նախարար Ժուլիեն Դենորմանդին, դրանց թիվը մոտ 200-300 էր: Ապա նախարարությունը նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում հայտարարել էր թռչնագրիպի տարածման վտանգի բարձր մակարդակի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ թռչնագրիպի բռնկման բացահայտման մասին հայտարարել էին եվրոպական մի քանի երկրի իշխանությունները:





























