Հաջորդ սերնդի ֆրանսիական ավիակիրը միջուկային շարժիչով կլինի եւ 2038 թվականին կփոխարինի ազգային նավատորմի «Շառլ դը Գոլ» առաջատար ռազմանավին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է Reuters-ը:

Ըստ ֆրանսիացի պաշտոնյաների՝ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի 11-րդ փոխադրող նավը կհամալրվի ամերիկյան General Atomics ընկերության կողմից մշակված էլեկտրամագնիսական ինքնաթիռների գործարկման նոր համակարգով:

Նավի երկարությունը կլինի 300 մետր: Այն կկարողանա տեղափոխել մինչեւ 30 Rafale կործանիչներ կամ Dassault ռազմական ինքնաթիռի իրավահաջորդին, որոնք ներկայումս մշակում են Ֆրանսիան, Գերմանիան եւ Իսպանիան:

«Մեր ռազմավարական ապագան, մեր մեծ տերության կարգավիճակը պատկանում է միջուկային արդյունաբերությանը»,- ասել է Մակրոնը:

Ֆրանսիան միակ միջուկային ուժն է մայրցամաքային Եվրոպայում: Մեծ Բրիտանիան նույնպես միջուկային տերություն է, չնայած նրա հարաբերությունները Եվրամիության հետ, սկսած առեւտրից մինչեւ անվտանգություն, մնում են անորոշ` հունվարի 1-ին ԵՄ ուղեծրից դուրս գալուց հետո:

Զինված ուժերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական պետությունը մեկ միլիարդ եվրո կներդնի զարգացման առաջին փուլում, որը կավարտվի 2025 թվականին: Նախարարության պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ նավի արժեքը կարող է ավելի քան 5 միլիարդ եվրո լինել: