Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Արցախի դեմ Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Գոհունակությամբ կարող եմ արձանագրել, որ մենք այսօր արդյունավետ և անկեղծ զրույց ունեցանք հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգում գտնվող ամենահրատապ հարցերի շուրջ։ Հանդիպման առանցքային հարցերից մեկը, իհարկե, Արցախի դեմ Թուրքիայի գործուն աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան էր և դրա արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը։ Մտքեր փոխանակեցին պատերազմից հետո ի հայտ եկած հումանիտար խնդիրների լուծման, խաղաղ բանակցային գործընթացի հետագա ընթացքի, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ուղղված քայլերի, ինչպես նաև ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ հայտնված հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ»,- ասել է նա:

Նրանք նաեւ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տեւական կարգավորմանը:

«Իմ ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հանգամանալից անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տևական կարգավորմանը։ Ներկայացրեցի Հայաստանի մտահոգությունները, այդ թվում՝ պատերազմի օրերին Արցախից հեռացած հայ բնակչության իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձի և ռազմագերիների անհապաղ փոխանակման ու աճյունների վերադարձի հարցերը»,-ասել է նա: