Տնօրենների շրջանում նման քննաշրջանի անցկացումն անիմաստ է: Այս կարծիքին է Գյումրիի 17-րդ դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը, ով արդեն մասնակցել է հավաստագրերի հանձնման համար պահանջվող բոլոր գործընթացներին, հաղթահարել է 60 միավորի շեմն ու 5 տարի պաշտոնավարելու է` որպես Գյումրիի 17-րդ դպրոցի տնօրեն:

Կարապետ Ներսիսյանի խոսքով, առանց այն էլ ստուգումներ մշտապես կատարվում են նախարարության կողմից. «Այն դպրոցներում, որտեղ թերություններ են հայտնաբերում, կարող են այդ տնօրենին պատժել»:

Իսկ Գյումրիի 12-րդ ավագ դպրոցի տնօրեն Սուրեն Հովսեփյանի խոսքով, տնօրենն ուղղակի նմանվում է աշակերտի կամ լավագույն դեպքում ուսանողի: 12-րդ դպրոցի տնօրենն առայժմ պատրաստվում է  «քննությունների», կարդում է, պարապում , բայց եւ խոստովանում, որ պահանջվածն անգիր անել չի կարող:

«Քննությունը բարեհաջող կհանձենք, բայց մի քանի օրից ամեն ինչ կմոռանանք, ինչպես լինում է սովորաբար, կարեւորն  այն է, որ տնօրենը տիրապետի նշված օրենքներին, բայց ոչ բառացիորեն անգիր անի»,-ասել է Սուրեն Հովսեփյանը:

Նշենք, որ ըստ նոր օրենսդրության, բոլոր դպրոցների տնօրենները պետք է պաշտոնավարումը շարունակելու համար քննություն հանձնեն: