Իսրայելում «Նոյյան տապան» հայկական մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Գալֆայանի, «Իսրայելի հայեր» հայկական թերթի լրագրող եւ հրատարակիչ Արտեմ Չեռնոմորյանի եւ քաղաքագետ Մենդել Կորսունսկու նախաձեռնությամբ ստեղծվել է IsrArMediaNEWS տեղեկատվական պորտալը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Մենդել Կորսունսկին նշեց, որ տեղեկատվական պորտալի ստեղծման համար խթան է հանդիսացել Արցախի պատերազմը. «Մենք երեքով սկսեցինք աշխատել այս կարեւոր նախագծի վրա: Ուզում եմ նշել, որ կամավոր հիմունքներով այս նախագծի վրա աշխատելու են այն մարդիկ, ում համար կարեւոր է Հայաստանը եւ նրա ժողովուրդը, եւ, ի դեպ, ոչ բոլոր կամավորներն են ազգությամբ հայ»:

Կորսունսկու խոսքով՝ պորտալը բաժանված է երեք ռեսուրսի՝ թերթ, որում հայկական իրականությունը կներկայացվի եբրայերեն, եբրայերեն թարգմանված հայկական ալիք, ինչպես նաեւ Հայկական թանգարան՝ նույնպես եբրայերեն, որտեղ կարելի կլինի ծանոթանալ հայ ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, առասպելներին, արվեստին եւ կենցաղին: «Առանձին բաժնում նախատեսված են Հայոց ցեղասպանության մասին նյութեր: Տեղեկատվական ռեսուրսը նախատեսված է Իսրայելի բնակչության համար: Նպատակը մեկն է՝ իսրայելցիներին ծանոթացնել Հայաստանի հետ: Ծրագիրն իր ճանապարհի հենց սկզբում է, ուստի բոլոր ցանկացողներին հրավիրում եմ օգնել եւ աջակցել մեզ հետ կապվելուն»: