Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները որոշել են ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները` Միջերկրական ծովում դրա գործողությունների պատճառով: Այս մասին ասվում է ԵՄ գագաթնաժողովի մասնակիցների հայտարարության մեջ, որն անցկացվում է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ միության եւ դրա անդամ պետությունների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության պահպանմանը: Այս կապակցությամբ գագաթնաժողովը հանձնարարում է ԵՄ Խորհրդին լրացուցիչ սեւ ցուցակ ընդունել` հիմնվելով Միջերկրական ծովում Թուրքիայի անօրինական գործունեության պատճառով սահմանափակող միջոցների մասին 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշման վրա»,- ասվում է դրանում:

Բացի այդ, ղեկավարները ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարել են Անկարայի դեմ պատժամիջոցների ընդլայնման այլ տարբերակներ ներկայացնել 2021 թվականի մարտի գագաթնաժողովին: «Գագաթնաժողովը հանձնարարում է [ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության] գերագույն ներկայացուցչին եւ Եվրահանձնաժողովին ոչ ուշ, քան 2021 թվականի մարտին զեկույց ներկայացնել ԵՄ-ի եւ Թուրքիայի քաղաքական, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների վիճակի, ինչպես նաեւ` հետագա գործողությունների գործիքների եւ տարբերակների մասին, այդ թվում` վերոհիշյալ որոշման շրջանակի ընդլայնման»,- նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում շեշտվում է, որ Թուրքիան, ցավոք, շարունակում է իր միակողմանի եւ սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ ակտիվացրել է իր հռետորաբանությունը ԵՄ-ի, ԵՄ անդամ երկրների եւ եվրոպական առաջնորդների դեմ: Ընդ որում, ԵՄ-ն հաստատում է իր «ռազմավարական հետաքրքրությունը Թուրքիայի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում» եւ նշում է, որ Անկարայի համար «դրական օրակարգի մաին առաջարկը» դեռ ուժի մեջ է: «Այդպիսի օրակարգը կարող էր այնպիսի ոլորտներ ներառել, ինչպիսիք են տնտեսությունը ու առեւտուրը, շփումները հասարակությունների միջեւ, բարձր մակարդակի երկխոսությունն ու համագործակցությունը միգրացիայի խնդրի շուրջ: Եվրախորհուրդը շեշտում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հաղորդակցման ուղիների պահպանման կարեւորությունը»,- ասվում է դրանում:

Բացի այդ, ԵՄ-ն խոստանում է շարունակել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային սիրիացի փախստականների համար, ինչպես նաեւ համագործակցել միգրանտների ապօրինի տեղափոխողների ցանցերի դեմ պայքարում:

Վերջապես, գագաթնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը մտադիր է համաձայնեցնել իր գործողություններն ու որոշումները Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների հետ: «Եվրամիությունը ձգտելու է համակարգվել  ԱՄՆ-ի հետ Թուրքիային եւ Միջերկրական ծովում իրավիճակին վերաբերող հարցերում»,- ասվում է դրանում: