Delta IV ծանր տանող հրթիռը դեպի ուղեծիր թռիչքը մեկնարկել է ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության (NRO) NROL-44 գաղտնի արբանյակով, հայտնել է United Launch Alliance (ULA) օպերատոր ընկերությունը:

Եռաստիճան հրթիռի արձակումն իրականացվել է հինգշաբթի ԱՄՆ Արեւելյան առափի ժամանակով 20:09-ին Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի տիեզերակայանի SLC-37B մեկնարկային համալիրից, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

ULA ընկերությունը Boeing եւ Lockheed Martin կորպորացիաների համատեղ ձեռնարկություն է, որն արձակումներ է իրականացնում Պենտագոնի եւ ամերիկյան հետախուզական միության համար:

Հետախուզական արբանյակի արձակումը, որը ծրագրված էր դեռեւս հունիսին, մի քանի անգամ հետաձգվել է տեխնիկական խնդիրների եւ եղանակային վատ պայմանների պատճառով:

Ամերիկյան NROL-44 գաղտնի արբանյակի նպատակների, ուղեծրի, չափերի եւ այլ բնութագրերի մասին պաշտոնապես չի հաղորդվում: Այս տեսակի արբանյակների առաքելությունը եւ հնարավորությունները խիստ գաղտնի են:

Միաժամանակ, NASA-ի նախկին աշխատակից Դեւիդ Բեյքերի խոսքով, որը ծանոթ է NRO-ի ծրագրին, խոսքը ամերիկյան Orion տիեզերական սարքի արձակման մասին է, որը նաեւ հայտնի է որպես Mentor կամ Advanced Orion. ամերիկյան արբանյակների շարք, որոնք նախատեսված են ռադիոէլեկտրոնային հետախուզման համար:

«Այն կշռում է 5 տոննայից ավելի, հագեցած է վիթխարի՝ 100 մետրից ավելի տրամագծով պարաբոլիկ ալեհավաքով, որը բացվում է ուղեծրում»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով՝ ավտոբուսի չափի հսկա արբանյակը դուրս կբերվի 36 հազար կմ բարձրությամբ հասարակածային ուղեծիր:

Ամերիկյան նոր արբանյակի խնդիրն է հեռաչափական տեղեկությունների որսումը եւ երկրաստացիոնար արբանյակների կապի ալիքների գաղտնալսումը:

1995 թվականին երկրաստացիոնար ուղեծիր է դուրս բերվել արդեն նման յոթ արբանյակ, որոնք ԿՀՎ մասնակցությամբ մշակել է NRO-ն:

Ներկայումս Երկրի ուղեծրում կա ԱՄՆ Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության 49 տիեզերական սարք: ԱՄՆ-ն ուղեծրային խմբավորման մեջ ունի ընդհանուր նվազագույնը 154 ռազմական արբանյակներ:

Փորձագետի տվյալներով՝ ԱՄՆ համեմատությամբ Ռուսաստանն այսօր ուղեծրում ունի 71, Չինաստանը՝ 63 ռազմական արբանյակ: