Թերթի հետ հարցազրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն ասում է.
Ընդդիմադիր գործիչները հաճախ են խոսում այն մասին, որ գոյություն ունի միջազգային փորձ, 20-րդ դարի դեմոկրատացման պրոցեսներ եւ այլն: Ես նույնպես լավ եմ ուսումնասիրել այդ երկրների փորձը, եւ այնտեղ նույնը չէ: Բոլոր դիկտատորական ռեժիմների առաջ ընդդիմությունը դրել է շատ հստակ մի պայման` ուլտիմատում: Իշխանությունները պետք է նախնական համաձայնություն տան, որ բանակցելու են ընդդիմության առաջարկած բանաձեւով: Սա եղել է մեխը այդ հեղափոխությունների եւ արդյունք է տվել, որովհետեւ շարժման էությունը շատ կարեւոր ունիվերսալ բաղադրիչներ ուներ. դա հրաժարումն էր իշխանության հետ որեւէ համագործակցությունից: Հայաստանում կարծես թե դա չի արվել: Երեք հավաստիացումներ են եղել իշխանությանը, սակայն չի եղել այս կարեւորագույն չորրորդ պայմանը: Այս երեք պայմանները կատարվել են, եւ իշխանությունները այլեւս խոսելու բան չունեն: Նրանք բավական ուժեղացրել են իրենց միջազգային վարկը եւ մեծ կասկածներ մտցրին հասարակության մեջ:
Իշխանությունը անմիջապես կարող է արտահերթ ընտրություններ նշանակել եւ փայլուն հաղթանակ տանել: Մեծամասնությունը վերցնել, կեղծել, ընդդիմության 30 տոկոս տալ, ընդդիմությունն էլ ուրախ կլինի: Շատ հանգիստ բոլորի երեսը փրկել` եւ իշխանության, եւ ընդդիմության: Դա այնպիսի քայլ չէ, որին իշխանությունները չեն գնա:
Առաջին հերթին` Հայաստանի իշխանությունները կաշկանդված չէն եւ հակասություններ չունեն արտաքին հարցերի շուրջ: Այդ հարցերը սերտ կապված չեն ներքին իրավիճակի հետ, եւ ընդդիմության սատարելու կարիք չկա: Երկրորդը` ժողովրդի շահերի, սպասելիքների հաշվին նման կուրսով գնալը, իմ կարծիքով, ազնիվ չէ: Այսինք` ժողովրդին ասել` գնացեք, շարունակեք ապրել օլիգարխների լծի տակ, մենք օգնում ենք իշխանություններին լուծելու շատ կարեւոր արտաքին հարցեր, ու երբեք չխոսել այդ կարեւորի մասին: Հստակ ասել, որ մենք սատարում ենք իշխանություններին, որովհետեւ մեր երկրին վտանգ է սպառնում: Մի քիչ շինծու է այս մոտեցումը, այստեղից էլ այս թերահավատությունը: Այն մտահոգությունը, որ կա գործարք, որ լրիվ ուրիշ բաների մասին են խոսում:




























