Թերթի խմբագրականում Արամ Աբրահամյանը գրում է.

«Պուտինահայը» կոշտ, ավտորիտար, պուտինյան Ռուսաստանի արժեքների վրա կողմնորոշված հայաստանցին է: Իր ղեկավարության օրոք Պուտինը ստեղծել է մի համակարգ, երբ բոլոր համառուսաստանյան հեռուստաընկերությունները ղեկավարվում էին նախագահական նստավայրից, երբ ընդդիմության հավաքները փաստացի արգելվում էին, երբ նույնիսկ ռուսաստանյան չափանիշներով աննախադեպ մասշտաբով ծաղկում էին կառուպցիան եւ հովանավորչությունը: Բնական է, որ Ռուսաստանի հետ հոգեւոր, տնտեսական, քաղաքական բազմաթիվ կապեր ունեցող մեր երկիրը ուզած-չուզած ստեղծել է նմանատիպ համակարգ: Պուտինյան շրջանը առանձնանում է նաեւ տնտեսական լավ ցուցանիշներով, որոնք պայմանավորված էին նավթի բարձր գներով եւ տնտեսական ճգնաժամի բացակայությամբ: Դա մեծ չափով բարերար էր ազդում նաեւ Հայաստանի տնտեսական վիճակի վրա, քանի որ մեր խոպանչիների, հավանաբար, 90 տոկոսը աշխատում է Ռուսաստանում եւ, լավ եկամուտներ ստանալով, կարողանում էր դրանց մի մասը ուղարկել հարազատներին: Պուտինյան Ռուսաստանի կարեւորագույն «նվաճումներից» է ընդդիմության ոչնչացումը որպես ինստիտուտ: Երբ չկա սոլիդ, համակարգային ընդդիմություն, փողոց են դուրս գալիս մարգինալ, ոչ ադեկվատ մարդկանց փոքր խմբեր, որոնց Ռուսաստանում անվանում են «դեմշիզա»: Հայաստանում էլ նույնը կլիներ, եթե քաղաքականություն չվերադառնար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ ՀԱԿ-ի որոշ մասում էլ կան «շիզա»-ի տարրեր:

Արդ, ովքեր են «պուտինահայերը»: Շատ մեծ պարզունակություն կլիներ ասել, որ նրանք այն թալանչիներն ու օլիգարխներն են, ովքեր երազում են նախորդ տասնամյակի կարգերի մասին: Նախ` կարգերն առանձնապես չեն փոխվել, եւ նույն «մեծապատիվ» հանցագործներն այսօր էլ են իրենց շատ լավ զգում: Ավելին` կարծում եմ, որ նրանք կհարմարվեն ցանկացած իշխանության, ցանկացած նախագահի «ճաշակին»:

Կան մարդիկ, որոնք միանգամայն անկեղծորեն եւ անշահախնդրորեն գովաբանում էին (եւ` են) Պուտինին եւ Քոչարյանին (վերջինիս, իհարկե, ավելի քիչ): Ես դարձյալ չէի շտապի այդպես մտածողներին վիրավորական պիտակներ կպցնել: Չէ՞ որ նախկին ԽՍՀՄ-ում կան նաեւ միլիոնավոր մարդիկ, որոնք ջերմությամբ են հիշում Ստալինի ժամանակները: Ընդ որում, այդ մարդակեր հրեշի երկրպագուներն են նաեւ իմ հասակակիցները, որոնք Ստալինի ժամանակ չեն ապրել` երեւի հայրերն են նրանց պատմել: Նրանք ուղեղները լվացած, խաբված, մոլորված մարդիկ են, որոնք հավատում են «ուժեղ ձեռքի» մասին հեքիաթներին: Բարեբախտաբար, նման մարդիկ գնալով քչանում են` կյանքը առաջ է գնում: